Գարո Փայլանը ներկայացվել է Նոբելյան մրցանակի

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմել են Նոբելյան հանձնաժողովին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին հանձնելու առաջարկով: Այս մասին ասվում է միության ղեկավար Սաիդա Օհանյանի հայտարարության մեջ:

«Այս տարի մեր կազմակերպությունը դիմել է Նոբելյան կոմիտե Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր (առաջադրված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմից) Կարո Փայլանին, մարդու՝ ով ողջ կյանքը նվիրել է հայ եւ մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին՝ տարածաշրջանում:

Այսօր նա այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական իրավունքները, բնիկներին, ազգային ու կրոնական փոքրամասնություններին»,- ասվում է հայտարարության մեջ: Նա նշել է, որ Փայլանի կողմից ցանված խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների ու դավանանքների պատկանող մարդկանց միջեւ հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերյալ, տալիս են դրական արդյունքներ Թուրքիայի Հանրապետության հանրության մեջ: «Եւ այդ ամենը հակառակ այն իրական ճնշումների ու սպառնալիքների, որոնց ենթարկվում է նա իշխանություններին ենթակա ազգայնամոլական ու ծայրահեղական ուժերի կողմից: Վերջիններս պահանջում են նրանից դադարեցնել մարդասիրական ու քաղաքական ակտիվ գործունեությունը»,- նշել է Օհանյանը:

Նա դիմել է բոլոր մարդկանց, կանանց իրավունքների, ինչպես նաեւ մարդկային իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին ու միություններին միանալ նախաձեռնությանը եւ ձայնը տալ Կարո Փայլանին: Բացի այդ, նա հորդորել է ինքնուրույն կերպով դիմել Նոբելյան կոմիտե՝ 2018 թ. Նոբելյան խաղաղության մրցանակի արժանանացնելու Կարո Փայլանին, որպես ժամանակաշրջանի մեծ մարդասերի եւ մարդկային իրավունքների պաշտպանի:

Հայտը ներկայացնելու վերջնաժամկետը 2018 թ. հունվարի 30-ն է:

«ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության նպատակը կանանց իրավունքների, հայ ժողովրդի նկատմամբ նրա բնօրրանում Արեւմտյան Հայաստանում՝ Համշենում, իրականացված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաեւ մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն է, որոնք նրանց տրված է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն: Կազմակերպության համար մարդասիրական եւ համամարդկային ծրագրերը առաջնային նշանակություն ունեն:

Տեսանյութեր

Լրահոս