«Եթե վաղն Ադրբեջանը հայտարարի, որ ուզում է մտնել ԵՏՄ, միանշանակ Ռուսաստանի կողմից ճնշումը մեզ վրա շատ ավելի ուժեղ կլինի». Ստեփան Գրիգորյան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը չգիտի՝ որքանով է Ադրբեջանի գնած ռուսական զենքը վտանգ ներկայացնում արցախյան ճակատում, և ըստ նրա՝ զենքի նոր խմբաքանակը մինչ այժմ եղած պայմանագրի շարունակությունն է։
Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին. հարված հայ-ռուսական հարաբերությունների՞ն, թե՞ բիզնես շահեր» թեմայով քննարկման ժամանակ դեսպանն ասաց, որ խոսել է մասնագետների հետ, որոնք ասել են, թե այս զենքի սպառնալիքի չափերն ու տեխնիկական բնութագրերն ուռճացված են։
«Ամեն բանի հետևում պատճառներ կան։ Ինչո՞ւ հենց հիմա դա եղավ․ համոզված եմ, որ նույն Մոսկվայում կան տարբեր ռազմական և քաղաքական գործիչներ, որոնք տարբեր կերպ են մոտենում այս խնդրին։ Այնպես որ, այս սեգմենտը չպետք է մոռացության տանք։ Այնպես չէ, որ Պուտինը պետք է այնտեղ ձեռքը խփի սեղանին և ասի՝ սրան կամ նրան զենք չտաք։ Այստեղ և՛ ֆինանսական խնդիրներն են դեր խաղում, և՛ տնտեսական, և՛ քաղաքական։ Այս բոլորը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ առանձնապես մեծ փոփոխություն տեղի չի ունեցել, զենքը տվել են, բացատրում են, թե ինչու են տալիս, մոտիվացիան գիտենք, թե ինչեր են ասում։ Բայց ինձ թվում է՝ այն ռուս քաղաքական գործիչները, ովքեր հակված են Ադրբեջանի շահերը պաշտպանել, փորձում են դեղին քարտ ցույց տալ Հայաստանին՝ կապված նրա վերջին շրջանի աշխարհաքաղաքական քայլերի հետ»,- ասաց Նավասարդյանը։
Քննարկման մասնակից «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը երկու կոնտեքստով է դիտարկում Ռուսաստանի քաղաքականությունը. «Արցախի կոնտեքստով Ռուսսաստանը միջնորդ է Արցախի հարցում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից է, և չեմ կարծում, թե դա նորմալ երևույթ է, երբ միջնորդը, որը պետք է աջակցի կոնֆլիկտի լուծմանը, ռազմականացնում է նույն կոնֆլիկտային գոտին։
Եթե Ռուսաստանը մեծ քանակության զենք է վաճառում Ադրբեջանին, ու ինչ-որ քանակությամբ՝ Հայաստանին, դա միլիտարիզացում է կոչվում։ Այսինքն՝ Ռուսաստանն իր՝ միջնորդի դերը լիարժեք չի կատարում։ Ես չեմ ասում, որ ի պաշտոնե մենք ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակիցներ ենք, բայց նա մեծ քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին»։ Գրիգորյանի խոսքով՝ պատմությունը ցույց է տալիս, որ, եթե անգամ կարճ ժամանակահատվածով Ռուսաստանը համագործակցում է Թուրքիայի հետ, միշտ իր դաշնակիցներին «գցում» է. «Այս երկու բաղադրիչները կարևոր են մեզ համար, քանի որ, եթե, օրինակ՝ վաղն Ադրբեջանը հայտարարի, որ ուզում է մտնել ԵՏՄ, միանշանակ Ռուսաստանի կողմից ճնշումը մեզ վրա շատ ավելի ուժեղ կլինի։ Պարզ է, որ Ռուսաստանն ու Թուրքիան այլ հարցերում ընդհանուր հայտարարի եկան ու հանձնեցին քրդերին, նույնն էլ մեզ հետ կարող է լինել»։