«Իրանի ներսում տեղի ունեցած ցույցերը չեն ազդել ներիրանական և հայ-իրանական հարաբերությունների օրակարգի վրա». Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ տարեսկզբին Իրանում մեկնարկած բողոքի ակցիաներն ի սկզբանե քաղաքական նպատակ չեն ունեցել, այլ պայմանավորված են եղել երկրի սոցիալ-տնտեսական դաշտով, այդ ոլորտում վարվող պետական քաղաքականությամբ, ինչի արդյունքում որոշակի գնաճ էր տեղի ունեցել երկրում։
«Ցույցերը սկզբում չունեին քաղաքական ենթատեքստ, ցուցարարները քաղաքական պահանջներ չէին բարձրացնում, բայց հետո դրսի ուժերի միջամտությամբ եղավ դրանց քաղաքական բնույթ հաղորդելու գործընթաց։ Դրանք համերկրային բնույթ չէին կրում»,- ասաց Ոսկանյանը՝ ընդգծելով, որ Սաուդյան Արաբիան, Իսրայելն ու ԱՄՆ-ն էին ցույցերը քաղաքականացնելու նպատակ հետապնդում։ Բացի այդ, ըստ Ոսկանյանի՝ օգտագործվել է նաև Ադրբեջանի Հանրապետության տարածքը.
«Սրանով կարելի է նաև պայմանավորել Ադրբեջան-Իրան հարաբերություններում որոշակի սառեցումը։ Իրանցիները ոչինչ բացահայտ չեն հայտարարում, բայց ակնհայտ է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները որոշակիորեն խաթարվել են»։
Իրանագետն ընդգծեց՝ Իրանի ներքաղաքական կայունությունն այս պահի դրությամբ հարցականի տակ չէ.
«Նույնիսկ ԱՄՆ-ի հռետորաբանության խստացման պայմաններում Թրամփն ավելի շուտ պահպանում է իր դեմքը, քան միտում ունի Իրանի վրա լրջագույն ճնշում բանեցնել։ Ակնհայտ է, որ Իրանի վրա ճնշում բանեցնելը, Իրանի ներսում անկայունություն առաջացնելն ու դրա արդյունքում՝ Իրանի իշխանություններին թելադրելը, որպեսզի կիրառեն բիրտ ուժ ու ստանան լրացուցիչ լծակներ Իրանի վրա, անարդյունավետ քաղաքականություն է։ Հետևաբար՝ Իրանի քաղաքական կայունությունն առնվազն տեսանելի ապագայում հարցականի տակ չէ, և մենք պետք է շարունակենք մեր գործակցությունն այս պետության հետ՝ առկա բոլոր ոլորտներում»։
Ամփոփելով՝ իրանագետն ասաց, որ Իրանի ներսում տեղի ունեցած ցույցերը չեն ազդել ներիրանական և հայ-իրանական հարաբերությունների օրակարգի վրա, բայց դրանց աջակցությունը որոշակիորեն ազդել է Ադրբեջան-Իրան հարաբերությունների վրա։