ԵԽԽՎ-ն շտապ քննարկում կանցկացնի Սիրիայում Թուրքիայի գործողությունների կապակցությամբ
Թուրքիայի զինված ուժերի գործողությունների հետեւանքով Սիրիայի Աֆրինի շրջանում ստեղծված իրադրությունը շտապ բանավեճերի թեմա կդառնա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանում:
Այդ մասին նստաշրջանի բացմանը հայտնել է վեհաժողովի նոր ղեկավար Միկելե Նիկոլետին։ «Առաջարկություն է ստացվել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ բանավեճեր անցկացնելու վերաբերյալ: Այդ բանավեճերը կկայանան հունվարի 24-ին, օրվա երկրորդ կեսին»,-հայտնել է Նիկոլետին:
ԵԽԽՎ-ի ներկայիս նստաշրջանի ընթացքում եւս մեկ արտահերթ բանավեճ նվիրված կլինի պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, հավելել է վեհաժողովի խոսնակը: Երկու առաջարկություններն էլ խորհրդարանականների առարկությունների տեղիք չեն տվել:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է Աֆրինի շրջանում, որտեղ բնակվում են շուրջ 1,5 միլիոն սիրիացի քրդեր, «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» եւ «Դեմոկրատական միություն» կուսակցության ջոկատների քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունն սկսելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: