Շամիրամում 4 հոգու կյանք խլած միջադեպի գործը դատարանում է
Շամիրամում 4 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը դատարանում է։ 2017թ․ օգոստոսի 1-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի հանգամանքները կքննվեն Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Ամբաստանյալի աթոռին են Թելման և Քյարամ Քալաշյանները։ Քրեական գործը մակագրվել է դատավոր Սուրեն Մնոյանին։
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսի 1-ին՝ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում: Զինված անձը մուտք է գործել սգո սրահ և բազմաթիվ կրակոցներ արձակել ներկաների ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է 4 անձ, ևս 7 անձ ստացել տարբեր մարմնական վնասվածքներ:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2012-2013 թվականների ընթացքում, Արմավիրի մարզի բնակիչ Թ.Քալաշյանը, իր բարեկամի խնդրանքով պարտքով՝ տոկոսով, 75.000 ԱՄՆ դոլար գումար է տվել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Քյարամյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները մաս-մաս վերադարձրել են 45.200 ԱՄՆ դոլարը, սակայն հետագայում իրենց ձեռնարկած առևտրային գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները և վերադարձնել հիմնական գումարը, ինչի մասին տեղեկացրել են պարտատիրոջը: Վերջինս, չընդունելով ներկայացված պատճառաբանությունները, պարբերաբար դիմել է եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ միջնորդին՝ ակնկալելով նրանց միջամտությունը՝ գումարը, տոկոսադրույքների հետ մասին, հետ ստանալու հարցում:
2017 թվականի օգոստոսի 01-ի առավոտյան Թելման Քալաշյանը Հերթական անգամ գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել միջնորդի՝ Գերման Քյարամյանի հետ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։
Տեղեկանալով, որ Գերման Քյարամյանը, ինչպես նաև Քյարամյան հինգ եղբայրների բարեկամները և ընկերները գտնվում են ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում և մասնակցում են եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, «ՎԱԶ 21214» մակնիշի 97 SZ 777 համարանիշի ավտոմեքենայով նա գնացել է Շամիրամ համայնք: Հասնելով նշված վայր՝ հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով գտնել Գերման Քյարամյանին:
Արձակված կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է, ևս 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, ով ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։
Տվյալներ են ձեռք բերվել, որ Թ.Քալաշյանին փախուստի դիմելու հարցում օգնել է նրա հորեղբայրը, ով դեպքի ժամանակ գտնվել է սգո սրահում:
Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում Թելման Քալաշյանը, գրավոր նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, անհիմն մեղադրել է երեք անձի՝ իրեն ծեծի ենթարկելու մեջ՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:
Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: