Իրանի զինված ուժերը վարժանքներ են սկսել Օրմուզի նեղուցի շրջանում
Իրանի զինված ուժերը երկօրյա վարժանքներ են սկսել ռազմավարական տեսակետից կարեւոր Օրմուզի նեղուցից ոչ հեռու: Այդ մասին ասված է Իրանի զինվորականների կայքում զետեղված հաղորդագրության մեջ: «Այդ վարժանքների նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հմտությունների կատարելագործումն է ու մարտական ոգու բարձրացումը, փորձի փոխանցումը վարժանքներին մասնակցող երիտասարդ սերնդին, ստացած տակտիկական առաջադրանքների գնահատումը…»,- հայտարարել է փոխծովակալ Հաբիբուլա Սայարին:
«Մոհամադ Ռասուլալլահ-5» (Ալլահի Մուհամեդ մարգարե-5») անվանումը կրող վարժանքները հունվարի 22-ին սկսվել են Իրանի հարավում եւ հարավ-արեւելքում՝ Մեքրանի առափնյա գոտում եւ Օրմուզի նեղուցում, ռազմածովային, ռազմաօդային ուժերի, ինչպես նաեւ ցամաքային զորքերի մասնակցությամբ:
Զորավարժություններն անցկացվում են Օրմուզի նեղուցից ոչ հեռու, որը տարածաշրջանից նավթի փոխադրման հանգուցային երթուղիներից մեկն է: Բացի այդ, Օրմուզի նեղուցում մինչեւ վերջին ժամանակներս միջադեպեր էին տեղի ունենում Իրանի ռազմանավերի եւ ամերիկյան նավատորմի մասնակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: