Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխությունը
Բրիտանացի ռեժիսոր Մարտին Մաքդոնայի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակին է արժանացել «Լավագույն դերասանական կազմ» գլխավոր անվանակարգում: Այդ միավորման պարգեւների հանձնման 24-րդ ամենամյա արարողությունը, որի մեջ մտնում են կինոյի եւ հեռուստատեսության շուրջ 165 հազար արտիստներ, հունվարի 21-ին կայացել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Այն հեռարձակել են TBS եւ TNT հեռուստաալիքները։
Ժապավենն ավելի վաղ «Ոսկե գլոբուս» մրցանակն է նվաճել «Լավագույն դրամատիկական ֆիլմ», «Դրամատիկական ֆիլմի լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» եւ «Լավագույն սցենար» անվանակարգերում: Գլխավոր անվանակարգում հաղթանակի էին հավակնում նաեւ «Հեռո՛ւ ինձանից», «Լեդի Բյորդ», «Սերը հիվանդություն է», «Մադբաունդ» ֆերման» ֆիլմերը: Գիլդիան գլխավոր դերերի լավագույն կատարողներ է ճանաչել բրիտանացի Հարի Օլդմանին եւ ամերիկուհի Ֆրենսիս Մաքդորմանդին:
Օլդմանը Ուինսթոն Չերչիլին մարմնավորել է «Մթին ժամանակներ» ժապավենում: Լավագույն դերասանի կոչմանը հավակնում էին նաեւ Թիմոթի Շալամեն, որը խաղացել է «Ինձ կոչիր իմ անունով» ժապավենում, Ջեյմս Ֆրանկոն («Վայ արարիչը»), Դենիել Վաշինգթոնը («Ռոման Իսրայել, «Esq.») եւ Դենիել Կալուան («Հեռո՛ւ ինձանից): Մաքդորմանդը գլխավոր դերն է խաղացել «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին. Միսսուրի» ֆիլմում: Այդ անվանակարգում հաղթանակի էին հավակնում նաեւ Ջուդի Դենչը («Վիկտորիան եւ Աբդուլը»), Սալլի Հոքինսը («Ջրի ձեւը»), Մարգո Ռոբին («Թոնյան ընդդեմ բոլորի»), Սիրշա Ռոնանը («Լեդի Բյորդ»):
Երկրորդ պլանի լավագույն դերակատարներն են ճանաչվել ամերիկացի դերասաններ Սեմ Ռոքուելը եւ Էլիսոն Ջեննին: Ռոքուելը խաղացել է «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» կինոնկարում, իսկ Ջեննին՝ «Թոնյան ընդդեմ բոլորի» կատակերգությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: