Կես միլիոն հայ ներկայացված ամենատարբեր ոլորտներում. Ֆրանսիայի հայ համայնքը մեծ դեր ունի երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում
Ֆրանսիայում ներկայում ապրում է մոտ 500 հազար հայ: Նրանք բնակվում են Ֆրանսիայի գրեթե ամբողջ տարածքում՝ Փարիզ, Մարսել, Լիոն, Վալանս, Կանն, Սեն Ռաֆայել, Լա Սիոտա և այլ քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը, եթե նախկինում հայերը կենտրոնացած էին խոշոր քաղաքներում, ապա այսօր այնպիսի վայրերում են բնակվում, որտեղ տարիներ առաջ հայեր չկային:
«Ֆրանսիայի հայ համայնքը բավական ակտիվ է: Նախ գործում են բազմաթիվ հայկական կազմակերպություններ, մշակութային, երիտասարդական միություններ, հիմնադրամներ: Հայերը ներգրավված են ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքականություն, տնտեսություն, գիտություն, կրթություն, մշակույթ և այլն»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:
Ֆրանսիայում հայերի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 6-րդ դարին: Ֆրանսիացիների և հայերի միջև ռազմական և առևտրական հարաբերությունները զարգացել են 11-14-րդ դարերում: 9-րդ դարում կրթություն ստանալու նպատակով Ֆրանսիա են տեղափոխվել բազմաթիվ հայ երիտասարդներ, ովքեր անմասն չեն մնացել երկրի հասարակական-քաղաքական կյանքից: 1855 թվականին Փարիզում հրատարակվել են Ֆրանսիայում հայկական առաջին «Արևելք» և «Մասյաց աղավնի» պարբերականները:
Ներկայում Ֆրանսիայում գործում է 7 ամենօրյա և շուրջ 40 կիրակնօրյա դպրոց: Հայկական դպրոցներ հաճախում է 1500 երեխա: Հարութ Մարտիրոսյանի խոսքով, նախատեսում են ավելացնել հայկական դպրոցներ հաճախող աշակերտների թիվը:
«Նախատեսում ենք աշակերտների թիվն ավելացնել 500-ով: Նպատակ ունենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ տարեցտարի աշակերտների թիվն ավելանա, չէ որ այսօր Ֆրանսիայում ապրում են բազմաթիվ ընտանիքներ, որոնց երեխաները հայկական դպրոցներ չեն գնում: Իրականում դպրոցների թիվն ավելացնելը, ուսուցիչներ պատրաստելը բարդ գործ է, սակայն մենք ամեն ինչ անելու ենք այդ ծրագիրն իրագործելու համար»,-ասաց նա:
Հարութ Մարտիրոսյանը պատահական չի համարում այն, որ Ֆրանսիայի իշխանությունները միշտ լավ աչքով է նայել հայ համայնքին: Նրա խոսքով, բոլոր տարիներին հայ համայնքն աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ, դժվարին պահերին պետության կողքին է եղել: Հայերն աշխատող են, ձգտում են լավագույնը լինել տարբեր ոլորտներում:
«Հայ-ֆրանսիական բարեկամությունը տարեցտարի ամրապնդվում ու ընդլայնվում է: Հայ համայնքը մեծ դեր ունի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ամրապնդման գործում: Այս օրերին Ֆրանսիա է այցելում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս ձևաչափով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ առաջին հանդիպումն է: Ծանոթությունից զատ, կարծում եմ, որ երկու երկրների ղեկավարների քննարկման շրջանակը լայն կլինի՝ երկկողմ հետաքրքրություններին, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որն այս տարի Հայաստանն է ընդունելու, և այլ թեմաներին վերաբերող հարցեր»,-հավելեց նա: Ընդգծելով, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ Հարութ Մարտիրոսյանն ավելացրեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը տնտեսության, մշակութային ոլորտներում:
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ: Հանրապետության նախագահն այցի շրջանակներում հունվարի 22-ին և 23-ին հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդիպման արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:
Նախագահ Սարգսյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպում կունենա քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի նախագահը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ: