Բաժիններ՝

Մեկ հարց՝ աշխատանքի ընդունելու որոշում կայացնելու համար

Ի՞նչ կհարցնեին ընկերությունների ղեկավարները, եթե աշխատանքի ընդունվել ցանկացողներին հնարավորություն ունենային միայն մեկ հարց տալ։ Ո՞րն է այն ամենակարևոր հարցը, որը կարող է օգնել կողմնորոշվել՝ արժե՞ տվյալ մարդուն աշխատանքի վերցնել, թե՞ ոչ։

Սա պարզելու համար New York Times-ի սյունակագիր Ադամ Բրայանը զրուցել է հարյուրավոր CEO-ների (գլքավոր գործադիր տնօրեն) հետ։

Ամենից շատ նրան տպավորել է CA Technologies ընկերության տնօրեն Բոբ Բրեննանի տարբերակը՝ ձեր ծնողների ո՞ր գծերն եք ամենաշատը սիրում և որոնք չեք սիրում։

Բրեննանն ասել է, որ այդ հարցի օգնությամբ ինքը ցանկանում է պարզել, թե մարդիկ որքանով են պատրաստ իսկապես խոսել իրենք իրենց մասին։ «Երբ ես որևէ մեկին հարցնում եմ՝ իր ծնողների ո՞ր գծերն է ամենաշատը սիրում և որոնք չի սիրում, նա կարող է զայրանալ այդ հարցից, կարող է հետաքրքրվել՝ ինչում եմ նման հարց տալիս, կամ ինչու ոչ՝ կարող է անկեղծ պատասխանել։ Ու եթե թեկնածուն այդ հարցը լսելիս ակնհայտորեն զայրանում է, դա նրան խոցելի է դարձնում տվյալ իրավիճակում (աշխատանքի ընդունվելու հավանականության առումով – խմբ.)», – ասում է Բրեննանը։

Ադամ Բրայանը կարծում է, որ այս հարցի պատասխանը մյուսներից ավելի լավ է թույլ տալիս հասկանալ, թե տվյալ մարդը ինչպես կպահի իրեն հաջորդ ամիսների և տարիների ընթացքում։ Մարդիկ ընդօրինակում են իրենց ծնողների այն գծերը, որոնք նրանց դուր են գալիս։ Եվ հակառակը՝ ձգտում են հակառակն անել այն գծերի դեպքում, որոնք դուր չեն գալիս։

Էթիկայի և մնացած առումներով որքանո՞վ է թույլատրելի նման հարց տալ աշխատանքի ընդունվել ցանկացողներին։ Ադամ Բրայանն ասում է, որ ինքը դա թողնում է HR մասնագետներին։ Փոխարենը, ըստ նրա, նման հարցեր օգտագործելը լիովի հասկանալի է։ «Աշխատանքի ընդունվել ցանկացողները արդեն վարժվել են և սահուն պատասխանում են «Որոնք են ձեր ուժեղ և թույլ կողմերը» տիպի հարցերին։ Այնպես որ տնօրենները պետք է փորձեն դուրս գալ այդ ստանդարտ հարցերի և պատասխանների շրջանակից»։

Ըստ World Economic Forum-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս