«Համանախագահները կոչ են արել առաջ մղել վստահությունն ամրապնդող միջոցները»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել:
ԵԱՀԿ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հունվարի 18-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ: Համանախագահները հունվարի 18-ին մասնակցել են նաև արտգործնախարարների հանդիպմանը:
«Նախարարները և համանախագահները քննարկել են նախորդ գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված համաձայնագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը: Արտգործնախարարները համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանն վերաբերյալ համանախագահների վերանայված կոնցեպտուալ փաստաթղթի սկզբունքներին՝ հնարավորինս շուտ այն իրականացնելու ակնկալիքով:
Հանդիպումների ընթացքում կողմերը և համանախագահները տեսակետներ են փոխանակել հիմնական զգայուն հարցերի վերաբերյալ, որոնք կան սեղանին գտնվող աշխատանքային առաջարկներում: Բացի այդ, համանախագահները կոչ են արել առաջ մղել վստահությունն ամրապնդող միջոցները՝ որպես բանակցային գործընթացի կարևոր բաղկացուցիչ մաս: Նախարարները և համանախագահներն ընդունել են շփման գծում հարաբերական անդորրը, և համանախագահները կոչ են արել կողմերին ամրապնդել այս դրական միտումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Համանախագահները նախարարներին հայտնել են իրենց հետաքրքրվածությունը՝ հետագայում քննարկելու հակամարտությունից տուժած գոտիներում 2010 թվականի գնահատող առաքելության շարունակման հնարավորությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնել են փետրվարի սկզբին տարածաշրջան այցելելու մտադրության մասին: