Բաժիններ՝

11 տարի առանց Հրանտի. այսօր Դինքի սպանության օրն է

Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքն իր ողջ կյանքում պայքարեց հանուն մեկ գաղափարի՝ ունենալ այնպիսի Թուրքիա, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները՝ անկախ ազգությունից և կրոնական պատկանելությունից: Թուրքիա, որտեղ հայերն այլևս չեն վախենա խոսել այն մասին, թե ովքեր են և որտեղից են գալիս: Թուրքիա, որը ոչ թե այլ երկրների խորհրդարանների ու կառավարությունների ճնշման ներքո, այլ ներսից կգիտակցի փոխվելու, ժողովրդավարական ճանապարհով գնալու անհրաժեշտությունը: Թեպետ արդեն 11 տարի է, ինչ Դինքն այլևս մեզ հետ չէ, սակայն նրա գաղափարները և երազանքները շարունակում են մնալ առավել քան արդիական:

Օսմանյան կայսրության կողմից իրագործված Ցեղասպանությունից փրկված ընտանիքի զավակը՝ Դինքը, ծնվել է 1954թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիա քաղաքում: 1996 թվականին նա հիմնադրեց հայկական համայնքում լույս տեսնող միակ երկլեզու՝ հայերեն և թուրքերեն պարբերականը՝ «Ակոս»-ը՝ նպատակ ունենալով համայնքային, ինչպես նաև Թուրքիայի փոքրամասնություններին առնչվող հիմնահարցերը նոր լույսի ներքո ներկայացնել հասարակությանը: Նա կարծում էր, որ հայերի նկատմամբ երկրի ներսում առկա կանխակալ վերաբերմունքի պատճառներից մեկն էլ նրանց վատ ճանաչելն է, ուստի ասում էր. «Ստամբուլի հայ հասարակությունը շատ փակ է ապրում: Եթե մեզ լավ ճանաչեն, նախապաշարումները կկոտրվեն»:

Դինքը համարձակ էր: Նա խոսում էր այնպիսի հարցերի մասին, որոնց վերաբերյալ բոլորը վաղուց արդեն սովորել էին լռել: Երբ «Ակոս»-ում տպագրվեց հոդվածը Սաբիհա Գյոքչենի՝ Աթաթուրքի որդեգիր զավակի մասին, որում ասվում էր, որ Թուրքիայի առաջին ռազմական կին օդաչուն՝ Սաբիհան իրականում հայուհի է, ավելին՝ Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած հայուհի, որին որդեգրել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալը, Դինքի դեմ մշտապես առկա սպառնալիքների ծավալը կտրուկ մեծացավ: Ընդ որում, նրան սպառնում էին ոչ միայն ազգայնական շրջանակները, այլև անգամ պետական պաշտոնյաները: Հրանտի ընկերներն ու հարազատները հորդորում էին մտավորականին սեփական անվտանգությունից ելնելով հեռանալ Թուրքիայից, սակայն փախչելը Դինքի համար չէր: Նա շարունակ կրկնում էր. «Սա իմ երկիրն է…Այո, մենք` հայերս, այս հողերի վրա աչք ունենք, որովհետև մեր արմատներն այստեղ են, սակայն, մի անհանգստացեք, ոչ թե այս հողերն առնել-տանելու, այլ այս հողերի խորքն անցնելու համար… Այստեղ ապրել են իմ նախնիները, իմ արմատներն այստեղ են, ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ»:

11 տարի առաջ հենց այս օրը՝ հունվարի 19-ին թուրք անչափահաս դավադրի ձեռքով Հրանտի սպանությունն էր, որ ստիպեց իր իսկ կողմից հիմնված «Ակոս» պարբերականի խմբագրատան շենքի մոտ հավաքված բազմահազարանոց ամբոխին միաձայն բացականչել՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»: Թուրքիայի իշխանությունների կոկորդին ոսկորի պես կանգնած Դինքի սպանությամբ, սակայն, ոսկորը կուլ չգնաց: Թուրքական պետության պատմության ցավոտ էջերին անդրադառնալու և կարևորագույն հիմնախնդիրները մշտապես բարձրաձայնելու պատճառով թիրախավորված Դինքի սպանության պատվիրատուները կարծում էին, թե մեկընդմիշտ կազատվեն այն խնդիրներից, որոնք իրենց համար մշտապես հարուցում էր պոլսահայ մտավորականը: Սակայն Դինքի դեմ արձակված կրակոցներն ի զորու չեղան լռեցնելու արդարության ձայնը, որի դիմաց թուրքական իշխանական շրջանակները մինչ օրս փորձում են խուլ ձևանալ:

Թեպետ ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող դատական գործընթացը դեռևս շոշափելի արդյունքներ չի տվել սպանության մեղավորներին հայտնաբերելու և պատժելու տեսանկյունից, սակայն Դինքի ընկերներն ու գաղափարակիցները վստահաբար հայտարարում են՝ հետամուտ ենք լինելու արդարության հաստատմանը և թույլ չենք տալու, որ հանցագործությունը կորի երկրի մթին հետնախորշերում…

Արաքս Կասյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս