Մեսիջներ Կենտրոնական բանկից

ՀՀ Կենտրոնական բանկը հունվարի 16-ին հրապարակեց վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը։ Խոսքը վերաֆինանսավորման տոկոսադրույքին վերաբերող այն որոշման մասին է, որը Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունել էր անցած տարվա դեկտեմբերի 26-ին։

Հիշեցնենք, որ ԿԲ-ն որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6% մակարդակի վրա։

Իհարկե, գիտենք, որ Հայաստանում տնտեսությանը վերաբերող լուրեր քիչ են կարդում։ Այդ թվում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաղորդագրություններով հետաքրքրվողներն է՛լ ավելի քիչ են։ Սա, իհարկե, բնական է: Սակայն վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հատկապես՝ գնաճային այս աժիոտաժի մեջ, բավականին հետաքրքիր թեմա է։ Իսկ այս վերջին փոփոխությունն է՛լ ավելի հետաքրքիր է, քանի որ բավականին հետաքրքիր նրբեարանգներ ունի։

Փորձենք ներկայացնել այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունն ու նրբերանգներն այնպես, որ դրանք հետաքրքիր լինեն նաև ոչ տնտեսագետ ընթերցողներին։

Նախ՝ շատ համառոտ, ի՞նչ է Վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այն դրամավարկային քաղաքականության գործիքներից մեկն է, որի օգնությամբ ԿԲ-ն կարգավորում է գնաճը։ Դա այն տոկոսադրույքն է, որով Կենտրոնական բանկը վարկավորում է բանկերին և այլ ֆինանսական կառույցներին։ Կամ, ինչպես ասում են, փողի գինը։

Երբ գնաճը բարձր է, կամ գնաճային ճնշումներ կան, ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը. թանկացնում է փողը, կամ, ինչպես ասում են, խստացնում է դրամավարկային քաղաքականությունը։ Արդյունքում՝ բարձրանում է նաև բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը։ Մարդիկ ավելի քիչ են վարկ վերցնում, շրջանառության մեջ փողը քչանում է, հետևաբար` նվազում է նաև սպառումը կամ պահանջարկը։ ՎՖ-ն բարձրացնելով՝ Կենտրոնական բանկը զսպում է գնաճը, սակայն որոշ չափով արգելակում է տնտեսական աճը։

Իսկ երբ գնաճային ճնշումները թույլ են, ու տնտեսությունն ակտիվացնելու անհրաժեշտություն կա, Կենտրոնական բանկը, հակառակը՝ նվազեցնում է տոկոսադրույքը։ Վարում է մեղմ կամ խթանող դրամավարկային քաղաքականություն։

Վերջին 2 տարիներին Կենտրոնական բանկը հենց այդպես էլ վարվում էր։ 2014 թվականի դեկտեմբերի փոխարժեքային շոկից հետո ՎՖ-ն 6.75%-ից հասավ մինչև 10.5%։ Սակայն 2015 թվականի օգոստոսից ԿԲ-ն սկսեց հետևողականորեն թուլացնել ձգանները, և տոկոսադրույքն աստիճանաբար նվազեց՝ հասնելով 6%-ի։

Հիմա արդեն ԿԲ-ն՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի «լեզվով», հայտարարում է, որ մոտեցումները փոխվում են։

2 օր առաջ հրապարակված արձանագրության մեջ ավելի շատ փակագծեր են բացված, քան դեկտեմբերի 26-ի հաղորդագրության մեջ։

«Խորհրդի նիստում քննարկվեց ձևավորված տնտեսական իրավիճակը. ներկայացվեց, որ 2017թ.-ի անցած 11 ամիսների ընթացքում ձևավորվել և մշտապես պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում՝ պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերով: Այսպես, վիճակագրական փաստացի տեղեկատվության համաձայն՝ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական աճը կազմել է 5.0%, իսկ հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար այն գնահատվում է 6.4%՝ չորրորդ եռամսյակի ԴՎՔ ծրագրում գնահատված 4.6%-ի դիմաց»,- նշված է տոկոսադրույքի արձանագրության մեջ:

Այսինքն՝ ԿԲ-ն համոզված է, որ 2017 թվականի տնտեսական աճը կլինի 6.4%: Սա մինչ այժմ հնչած ամենաբարձր կանխատեսումն է։ Հիշեցնենք, որ ի սկզբանե 2017 թվականի համար կառավարությունը կանխատեսում էր 3.2% տնտեսական աճ, հետո կանխատեսումը վերանայվեց՝ դարձավ 4.3%: ԿԲ-ն միաժամանակ արձանագրել է, որ 2017 թվականի չորրորդ եռամսյակում ևս ներքին պահանջարկի վերականգնումը զգալիորեն գերազանցել է սպասվող տեմպերը, ինչի արդյունքում՝ թե՛ մասնավոր սպառման և թե՛ մասնավոր ներդրումների մասով ակնկալվում են ավելի քան 2.0 տոկոսային կետով բարձր ցուցանիշներ:

Ըստ ԿԲ-ի՝ ներքին պահանջարկի արագ վերականգնմանը շարունակել են նպաստել իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը, պահպանվող համեմատաբար ցածր գնաճային միջավայրը և դրամական փոխանցումների բարձր աճը:

Այսինքն, Կենտրոնական բանկն ասում է, որ ունենք տնտեսական աճի բավականին բարձր ցուցանիշ, որում ինքը մեծ դերակատարում ունի՝ ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն վարելով։

Սակայն վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ ԿԲ-ն անկեղծանում է՝ նշելով, որ քննարկվել են վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողնելու կամ 0.25 տոկոսային կետով բարձրացնելու տարբերակները: Թվում է՝ մանրուք է կամ ստանդարտ ձևակերպում, սակայն այդ «ձևակերպմամբ» Կենտրոնական բանկը հասկացնում է, որ տատանվում է երկու տարբերակի միջև՝ դրամավարկային պայմանները թողել նույնը կամ խստացնել։ Պարզ ասած, սրանով ԿԲ-ն ասում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասել է նվազագույն մակարդակին. դրանից ավելի չի իջնի։

Ինչպես արդեն նշվեց, ընտրությունը կանգ է առել առաջին տարբերակի վրա՝ անփոփոխ թողնել տոկոսադրույքը։ «Գնաճային սպասումների և գնաճային ռիսկերի շարունակվող ավելացման պարագայում, Խորհուրդը դեռևս նախապատվությունը տվեց քաղաքականության գործիքի տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն՝ հաշվի առնելով ներքին պահանջարկի վերականգնման տևականությունն ապահովելու անհրաժեշտությունը», – ասում է ԿԲ-ն:

Սա նշանակում է հետևյալը։ Թեպետ վերաֆինանսավորման ներկայիս մակարդակը ցածր է, ու վատ չէր լինի վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու միջոցով գնաճի «սանձերը» ձգել, սակայն ԿԲ-ն դեռ ոտքը կախ է գցում և չի ցանկանում արգելակել տնտեսական ակտիվության աճը։ Այլ կերպ ասած, ԿԲ-ն դեռ ընդառաջ է գնում կառավարությանը և իր հիմնական խնդիրը՝ գների կայունության ապահովումը, ինչ-որ չափով ստորադասում տնտեսական աճի նպատակին։

Բայց սա երկար շարունակվել չի կարող։ Մանավանդ որ, ըստ ԿԲ-ի՝ բնակչության գնաճային սպասումներն ավելի արագ են ավելանում՝ պայմանավորված պարենային ապրանքների միջազգային շուկայում վերը նշված ապրանքների գների աճի և 2018թ.-ից ՀՀ-ում ակցիզային հարկի ու մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության՝ ներքին գների վրա գերագնահատված ազդեցության վերաբերյալ մամուլում պարբերաբար շրջանառվող տեղեկատվությամբ:

Ու Կենտրոնական բանկը հենց այդպես էլ ասում է՝ այսուհետ «մեղմ» չենք լինի։ Դեկտեմբերի 26-ի հաղորդագրության մեջ ԿԲ-ի ձևակերպումը փոքր-ինչ անորոշ էր. նշվում էր, որ «կանխատեսված զարգացումների ներքո առաջիկայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ միջինժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար»:

Իսկ հունվարի 16-ին տարածված արձանագրության մեջ, որը վերաբերում էր նույն դեկտեմբերի 26-ի նիստին, Կենտրոնական բանկն  արդեն բաց տեքստով հայտարարում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրանալու է։ «Խորհուրդն այսօր առավել հաստատակամ է, որ կանխատեսված զարգացումների ներքո և միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման առումով առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կանխատեսվող հորիզոնում կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում՝ հորիզոնի վերջում կայունանալով գնաճի նպատակային 4% միջին մակարդակի շուրջ»:

Բնականաբար, կառավարությանը ձեռնտու էր, որ ԿԲ-ն շարունակաբար նվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դրա համար զարմանալի չէր, որ մեկ տարի առաջ՝ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստում, վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց, թե արդյոք անընդհատ նվազեցնելո՞ւ են վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ի պատասխան՝ ԿԲ նախագահը նշել էր, որ, եթե դրա կարիքը լինի՝ կնվազեցնեն (կառավարության նիստից 2 օր առաջ՝ 2016 թ. դեկտեմբերի 27-ին, ԿԲ խորհուրդը որոշել էր իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25 տոկոս:

Ընդ որում, տոկոսադրույքն իջեցնելու հետ մեկտեղ, ԿԲ խորհուրդն արձանագրել էր, որ քաղաքականության տոկոսադրույքն այսօր բավականին մոտ է երկրի ռիսկ-հավելավճարի մակարդակին, որն ըստ էության համարվում է զարգացող երկրների համար տոկոսադրույքի ստորին սահման: Այսինքն՝ ակնարկել էր, որ դրանից ավելի ցածր տոկոսադրույքն արդեն ռիսկային է համարվում։

Սակայն հետո՝ 2017 թվականի փետրվարի 14-ին, ԿԲ-ն որոշեց ևս մեկ անգամ ընդառաջ գնալ կառավարությանը և 0.25 տոկոսային կետով նվազեցնել տոկոսադրույքը՝ հասցնելով 6%-ի։

Այսօր էլ Կենտրոնական բանկն ընդառաջ է գնում՝ պահպանելով 6%-ը, սակայն վերջնականապես հասկացնում է, որ իրենք իրենցից հասանելիքն արել են՝ տնտեսական աճը խթանելու համար։  Սրանից հետո կառավարությունը հույսն ինքն իր վրա պետք է դնի։ Որովհետև, եթե ԿԲ-ն շարունակի մեղմ դրամավարկային քաղաքականությունը, գնաճը կարող է դուրս գալ թույլատրելի միջակայքից։

Տեսանյութեր

Լրահոս