Ռադան օրենք ընդունեց Դոնբասի վերաինտեգրացման մասին
Ուկրաինայի խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է Դոնբասի վերաինտեգրացման մասին նախագահական օրինագիծը, որտեղ Ռուսաստանը կոչված է «ագրեսոր»: Հունվարի 18-ին այս որոշումը պաշտպանել է 280 խորհրդարանական՝ անհրաժեշտ առնվազն 226 ձայնի դեպքում:
Փաստաթուղթը դեռ պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահը: Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական մամուլում դրա հրապարակման հաջորդ օրվանից: Օրենքի համաձայն՝ Դոնբասի՝ Կիեւի վերահսկողության տակ չգտնվող տարածքները ճանաչվում են «բռնազավթված» տարածքներ: Օրինագծում Ռուսաստանը հիշատակվում է որպես «ագրեսոր-երկիր»:
Փաստաթղթում, առաջին ընթերցմամբ քննարկման արդյունքներով, հանվել է հակամարտության կարգավորման համար Մինսկի համաձայնությունների իրագործման գերակա նշանակության կետը: Դրա փոխարեն առաջարկվում է հենվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Դոնբասին նվիրված բանաձեւի վրա:
Օրենքը նախագահին իրավունք է տալիս խաղաղ ժամանակ տարածաշրջանում զինված ուժեր օգտագործել երկրի ինքնիշխանության ապահովման միջոցներ իրագործելու համար: Դա, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, թույլ կտա օրինականացնել արեւելքում բանակի կիրառումն առանց պատերազմի հայտարարման: