Հայաստանի ոստիկանները պետք է հաշվետու լինեն. HRW

Հայաստանը 2017-ին գրանցել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք հաջողություններ, սակայն, ունեցել է նաեւ խնդիրներ, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի ղեկավար Գիորգի Գոգիան.

«Հայաստանը 2017-ին տարատեսակ առաջընթաց է գրանցել. Ծանր հիվանդություններ ունեցող, քաղցկեղով հիվանդ մարդկանց հնարավորություն տրվեց ավելի հեշտ ցավազրկող դեղամիջոցներ ձեռք բերել, որը լուրջ առաջընթաց է»:

Առաջընթացների թվում է նաեւ ընտանեկան բռնության կանխմանն ուղղված օրենքի ընդունումը, իսկ ահա անցած ընտրությունները Human Rights Watch-ի իրավապաշտպանների կարծիքով լիարժեք ժողովրդավարական գործընթացի ապահովման բացթողնված հնարավորություն են: Սակայն, Հայաստանի հիմնական խնդիրների թվում Գիորգի Գոգիան նշում է իրավապահների հաշվետվության պակասը հասարակության առջեւ.

«Մեր կողմից գրանցվել են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր, որի համար իրավապահները բավարար չափով հաշվետու չէին»:

Ընդհանրապես, Human Rights Watch-ի կողմից այսօր հրապարակված զեկույցը փոքր-ինչ լավատեսություն է ներշնչում նախորդ տարվա համեմատ: Գրանցվել է միապետական պոպուլիստական քաղաքականության անկում, որը լավ նշան է, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հաղթանակը դարձել է ազգայնական պոպուլիզմի տապալման խորհրդանիշ:

Միեւնույն ժամանակ, զեկույցում նշված է, որ 2017-ին ներքին խնդիրների վրա կենտրոնացած Միացյալ Նահանգները եւ բրեքզիթի հարցերով զբաղված Մեծ Բրիտանիան բավարար ուշադրություն չեն դարձրել մարդու իրավունքների պաշտպանությանը համաշխարհային մակարդակով: Արդյունքում, ծայրաստիճան վատ իրավիճակ է ստեղծվել Եմենում, Սիրիայում, Բիրմայում եւ Հարավային Սուդանում, իսկ Չինաստանի եւ Ռուսաստանի ղեկավարներն առաջ են քաշել իրենց միապետական օրակարգը, իսկ Ադրբեջանի նման երկրներում խորացել են հակաժողովրդական միտումները.

«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակել է լրջագույն ճնշումները իշխանություններին քննադատող քաղաքացիների եւ լրատվամիջոցների վրա»:

Մարդու իրավունքների ոլորտում մեկ այլ լուրջ անկում ապրել է Թուրքիան, որտեղ նախագահ Էրդողանը պայքար է տանում ժողովրդավարական համակարգի դեմ: Հատկանշական է, որ ներգաղթյալների հարցն այդ ընթացքում այնքան էր կլանել Եվրոպայի ուշադրությունը, որ Եվրամիությունը գրեթե չի էլ նկատել Թուրքիայի ներքին խնդիրները:

Տեսանյութեր

Լրահոս