Ո՞ր ապրանքատեսակների գներն են նվազել. ներկայացնում է փոխվարչապետը
«Պարոն վարչապետ, Դուք ասում եք՝ «գնաճի տոկոսն ընդամենը 2.6 տոկոս է եղել, և դա սարսափելի չէ», բայց առանձին ապրանքատեսակներ թանկացել են 40 տոկոսով, 30 տոկոսով, և դրանք առաջնային սպառում ունեցող ապրանքատեսակներ են»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատագամավոր Իվետա Տոնոյանը:
Նրա խոսքով՝ գուցե դա վարչապետի համար սարսափելի չէ, բայց ըստ նրա՝ սարսափելի է այն, որ այսօր մարդիկ գոյատևելու ու կոմունալ վարձավճարները վճարելու համար վարկեր են վերցնում, սարսափելի է նաև այն, որ մարդիկ Ամանորը նշելու համար են վարկեր վերցնում. «Եթե բոլորի մոտ չլիներ այդ գիտակցումը, այսօր չէին լինի խորհրդարանական լսումների անհրաժեշտությունը և նախագահի մոտի խորհրդակցությունը: Նախագահի հանձնարարականից մեկ շաբաթ է անցել, ի՞նչ է կատարվել այս ընթացքում»:
Ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ նախագահի հանձնարարականների մեջ կային գործողություններ, որոնք պետք է անմիջապես կատարվեին, և կային գործողություններ, որոնք մշակվում են առավել երկար ժամանակի համար:
Միաժամանակ՝ Վ. Գաբրիելյանը նշեց որոշ ապրանքատեսակներ, որոնց գները նվազել են. «Հավի միսը 22 տոկոսով իջել է, ձեթը՝ 5 տոկոսով, բարձր տեսակի ալյուրը՝ 6 տոկոսով, ոսպը՝ 37 տոկոսով, հնդկաձավարը՝ 52 տոկոսով, թթվասերը՝ 4 տոկոսով, և այլն»: