«Տարին բեկումնային կլինի Արցախի տնտեսության համար». Արայիկ Հարությունյան
Այսօր՝ հունվարի 17-ին, Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հրավիրել է մամուլի ասուլիս՝ ամփոփելու 2017թ. գործունեության արդյունքները և ներկայացնելու ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ շնորհավորելով լրագրողներին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ՝ պետական նախարարը հակիրճ ամփոփել է անցած տարվա տնտեսական արդյունքները և համոզմունք հայտնել, որ 2018 թվականը լինելու է բեկումնային տնտեսական զարգացման առումով, քանի որ զգալի աճ է կանխատեսվում բոլոր հիմնական ոլորտներում։
«Մասնավորապես, հանքարդյունաբերությունում աճն արձանագրվելու է «Բեյզ մեթըլս» ընկերության արտադրողականության և արտադրանքի զգալի ծավալների ավելացման հաշվին։ Բացի դրանից, ծրագրեր կան նաև ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ՝ խոշոր նախագիծ է գործում շինարարական քարի արտադրության և արտահանման ուղղությամբ։ Իսկ ահա Սարսանգ-Մատաղիս հատվածում այս տարի մեկնարկելու է մի նախագիծ, որի շրջանակներում ավելի քան 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու տեղական և օտարերկրյա ընկերությունների կողմից։ Արդյունքում, կառուցվելու են ջրամբարներ, որոնք կշահագործվեն էլեկտրաէներգիայի արտադրության, ձկնաբուծության և զբոսաշրջության նպատակներով։ Հիդրոէներգետիկայի ոլորտում մի շարք այլ նախագծեր էլ են իրագործվելու տարբեր շրջաններում։ Գյուղատնտեսության բնագավառում ևս կարևոր ծրագրեր ենք նախատեսում, որոնք ընդգրկելու են ոռոգման համակարգերը, այգեգործությունը, հացահատիկի մշակումը, անասնապահությունը և մնացած հիմնական ճյուղերը։ Ըստ մեր ծրագրի՝ գյուղատնտեսության ինտենսիվ զարգացմանը զուգահեռ՝ տարիների ընթացքում պետք է իրացնենք նաև բոլոր չմշակվող հողատարածքները»,- նշել է պետնախարարը։