
Իտալացի ռեժիսոր Սորենտինոն Սերբիայում բացել է «Կուստենդորֆ» կինոփառատոնը

«Կուստենդորֆ» տասնմեկերորդ միջազգային կինոփառատոնը լույս հունվարի 17-ի գիշերը բացվել է Բոսնիայի եւ Հերցեգովինայի սահմանի մերձակա Մոկրա Գորա շրջանի Դրվենգրադ սերբական Էթնոգյուղում:
Այդ մասին հայտնել է Tanjug գործակալությունը: Երիտասարդ ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերի կինոստուգատեսը, որի անփոփոխ կազմակերպիչը ռեժիսոր Էմիր Կուստուրիցան է, սկսվել է իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյին «Հանուն ապագա ֆիլմերի» պարգեւի հանձնմամբ: «Սորենտինոն ներկայում լավագույն ռեժիսորն է աշխարհում»,-հայտարարել է Էմիր Կուստուրիցան՝ հանձնելով պարգեւը: Սորենտինոն շնորհակալություն է հայտնել Կուստուրիցային, ասելով, որ դա իր առաջին մրցանակն է, թեեւ ինքն արդեն 47 տարեկան է:
«Հուսով եմ եւս մեկ մրցանակ ստանալ իմ կարիերայի հաջորդ հատվածի համար»,-կատակել է իտալացի ռեժիսորը: Սերբիայի մշակույթի եւ զանգվածային լրատվամիջոցների նախարար Վլադան Վուկոսավլեւիչն իր խոսքում նշել է, որ Կուստուրիցայի փառատոնը լույս է սփռում սերբական ողջ մշակույթի վրա: «Ավելի քան 30 տարի Էմիր Կուստուրիցան խնամքով հյուսում է մշակույթի, ֆիլմի, տաղանդի եւ ոգեշնչման իր երգը, եւ այդ երգը լսվում է ամբողջ աշխարհում»,-նախարարի խոսքը մեջբերում է «Տանյուգ» գործակալությունը:
Բացման արարողությանը նաեւ ներկա է եղել Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» անցյալ տարվա մրցանակակիր Ռուբեն Էստլունդը, որն այդ պարգեւին արժանացել է «Քառակուսի» կինոնկարի համար: Այս տարի փառատոնի մրցութային ծրագրին կմասնակցեն երկու տասնյակ կարճամետրաժ ֆիլմեր: Մրցույթի մասնակիցների թվում կլինեն Չինաստանից, Լեհաստանից, Եգիպտոսից, Իսրայելից, Դոմինիկյան Հանրապետությունից եւ այլ պետություններից ժամանած կինեմատոգրաֆիստներ: Մրցույթի ժյուրին կգլխավորի եվրոպացի պրոդյուսեր Ռոզա Ատաբը: Փառատոնը կշարունակվի մինչեւ հունվարի 21-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: