Բաժիններ՝

«Նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ մեքենաների հետևից դուրս են գալիս մարդիկ, կրակում են…». Արարատ Զուրաբյանն ԱԺ-ում հիշեցրեց Մարտի 1-ի դեպքերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում են անշարժ տեսաձայնագրման և լուսանկարահանման տեխնիկա տեղադրել հանրային վայրերում, ինչպես նաև շարժական տեխնիկա տալ ոստիկաններին:

«Ելք»-ի պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ դա ենթադրում է մարդու անձնական կյանքի միջամտություն:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը նույնպես նման մտահոգություն հայտնեց. «Ինձ համար ընդհանրապես պարզ չեղավ՝ այս տեսախցիկների էլեմենտը վերաբերելու է միայն ճանապարհային ոստիկանությա՞նը, թե՞ ընդհանրապես ոստիկանության գործունեությանը տարբեր ոլորտներում: Ես նույնպես ունեմ մտահոգություն, որ անհատի կյանքին միջամտելը ցանկացած ձևով պետք է շատ խիստ կանոնակարգված և սահմանափակված լինի: Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս եք նախատեսում պահպանել այդ իրարամերժ հատվածները»:

Ի պատասխան՝ նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ասաց. «Խոսքը գնում է ընդհանրապես ոստիկանության կողմից օգտագործվող տեսախցիկներին: Ինչ վերաբերում է ձեր մտահոգությանը, դա ամրագրված է մեր Սահմանադրության 31-րդ հոդվածում, որտեղ գրված է, որ մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել, սա սահմանադրական նորմ է»:

Ա. Զուրաբյանն էլ հիշեց 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերը. «Խնդիրը հենց սրանում է: 2008 թվականի Մարտի 1-ից հետո նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ մեքենաների հետևից դուրս են գալիս մարդիկ, կրակում են, կան բազմաթիվ ձայնագրություններ, նկարահանումներ և այլն: Որևէ նկարահանում կամ ձայնագրություն հետագայում չներկայացվեց: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ մակարդակի վրա է դա արվելու՝ քաղաքական հաշվահարդարի՞, մարդկանց ճնշելո՞ւ, թե՞ օրենքը պահպանելու, հասարակության կյանքը ավելի բարելավելու համար»:

Վ. Եղիազարյանն էլ ասաց, որ դա օգտագործվելու է զուտ ոստիկանական գործառույթներ իրականացնելու համար. «Իսկ դրանք միտված են քաղաքացու կյանքը, առողջությունը և գույքը պահպանելուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս