ԱԺ-ն միաձայն ընդունեց «Ելք»-ի հեղինակած օրինագիծը
Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Ելք» խմբակցության հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ խմբակցությունն առաջարկում է, որ լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգվեն խաղասրահ մուտք գործող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող որևէ փաստաթուղթ, որը պարունակում է տարիքի վերաբերյալ տեղեկություն.
«Նաև առաջարկում ենք, որ մոլի խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված մարդու խաղասրահ կատարած գործողությունները սահմանափակվեն, և դրա համար կարգ է նախատեսվում»:
Առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց նաև ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: