«Երեխան ոտքի թաթերի վրա հազիվ կանգնում է, որ այդտեղ խաղադրույք կատարի». Նաիրա Զոհրաբյան
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նկատեց, որ վիճակախաղերի մասին օրենքով՝ խաղին կարող են մասնակցել 18 տարին լրացած մարդիկ, իսկ շահումով խաղերի դեպքում՝ 21 տարին լրացածները: Նրանք առաջարկում են բարձրացնել շեմը, և վիճակախաղերի դեպքում ոչ թե՝ 18, այլ՝ 21 տարին լրացած անձը կարողանա խաղադրույք կատարել:
«Այս խաղերի կազմակերպումը գնալով աճող չափաբաժին ունի, ու բոլորս տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ անչափահաս քաղաքացիները կարողաում են մասնակցել այդ խաղերին: Ես անձամբ փողոցներում տեղադրված ապարատների մոտ 10 ֆոտո եմ արել, երբ ակնհայտորեն անչափահաս քաղաքացին այդ ապարատի մոտ խաղադրույք է կատարել: Մեր առաջարկած փոփոխությամբ՝ ընկերության 100 հազար տուգանքը փոխարինում ենք 2 միլիոն տուգանքով, եթե այդ խախտումն առաջին անգամ է տեղի ունենում, եթե այն կրկնվում է երկրորդ անգամ, կիրառվում է տուգանք 5 միլիոն դրամի չափով, երրորդի դեպքում՝ 10 միլիոն դրամի չափով, իսկ 4-րդի դեպքում՝ կասեցվում է լիցենզիան»,- նշեց Ս. Ֆարմանյանը՝ հայտնելով, որ քաղաքական բոլոր խմբակցությունները միացել են այս նախաձեռնությանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ գովազդի մասին օրենքում նույնպես պետք է փոփոխություն կատարվի, և թույլ չտրվի, որ այդ վիճակախաղ մատուցող ընկերությունները գովազդվեն. «Երեխան ոտքի թաթերի վրա հազիվ կանգնում է, որ այդտեղ խաղադրույք կատարի: Հեռուստատեսությամբ ուղղակի գովազդվում է կոնկրետ մեկ վիճակախաղ մատուցող կազմակերպություն, գովազդից էլ պետք է հանվի դա»: