«Ձեր փողոցն էլ ենք տեսել, փողոցից հետոն էլ, մի փորձեք քաղաքացիներին կրկին վահան դարձնել». Մարգարիտ Եսայանը առաջարկում է հարցերը քննարկել թիվ մեկ քաղաքական ամբիոնից
Վերջին շաբաթների ընթացքում հանրային լայն քննարկումների և անհանգստությունների առարկա են դարձել սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների գնային տատանումները: Խնդիրը կա եւ հարկավոր է ուշադրություն դարձնել եւ կոնկրետ քայլերով լուծումներ տալ, այս հարցով բոլորս ենք մտահոգ եւ պարտավոր ենք որպես կառավարություն եւ օրենսդիր մարմին մեղմել կամ չեզոքացնել սոցիալական այն հարվածները, որ ստանում են մեր քաղաքացիները։
ՀՀ նախագահը այս մասին խոսեց եւ առաջարկեց համապատասխան մարմիններին ձեռքերը ծալած չնստել, կանխատեսումները ավելի առարկայական դարձնել, ի վերջո, զբաղվել իրենց անմիջական գործով, առաջացած խնդիրները լուծել։
Այստեղ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ կանցկացնենք եւ համակողմանի կքննարկենք իրավիճակը եւ հուսամ, համապատասխան լուծումները կգտնվեն, հակառակ դեպքում միայն խոսքերով առաջ չենք գնալու եւ միայն խոսքերով գների վրա ոչ ոք չի կարող ազդել, հարկավոր է լինել խիստ եւ պահանջատեր, խորհրդարանական կառավարման անցումը նաեւ այսպես պիտի տեսանելի լինի։
Անշուշտ՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ, օրինակ՝ Հայաստանում շուկայական հարաբերություններ են գործում, և պետությունը չի միջամտում գնագոյացման պրոցեսներին, բայց մենք նախ պարտավորություն ունենք միջավայր ձևավորելու՝ մրցակցային միջավայր, որը երևի հիմնական գործոններից մեկն է գների արդարացի կարգավորման գործում:
Պետությունն ունի ամբողջական գործիքակազմ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը ուսումնասիրելու, կան բազմաթիվ լծակներ պարզելու, թե շուկայում տատանումներն օբյեկտի՞վ գործընթացների արդյունք են, թե տնտեսավարողների ագահության: Կառավարությունում յուրաքանչյուրն իր կանխատեսումների համար պիտի լինի պատասխանատու: Նրանք, ովքեր պատասխանատու են գնաճի համար Հայաստանում, այո՛, պետք է մշտապես կանխատեսում անեն և հավաստիացնեն բոլորին, որ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները կատարվելու են, որ, այո՛, մի ապրանքատեսակ թանկացել է, մի ծառայություն էժանացել է:
Հաջորդը՝ եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե ինչպես պետք է մեղմենք այդ հետևանքները: Խորհրդարանական լսումները նաեւ այս նպատակն ունեն եւ մենք, որպես խորհրդարան, մեր առաջարկները պիտի ներկայացնենք կառավարությանը։ Յուրաքանչյուրը եւ այստեղ եւ այնտեղ պարտավոր է լուծումներ գտնել՝ մեղմելու եւ գնաճը եւ հետևանքները: Ամենակարեւորը՝ պետք են, իհարկե, հավաստիացումներ, բայց ոչ խոսքերով, այլև գործով:
Պարտավոր ենք նայել, թե ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա:
Սրանք քայլեր են, որ պետությունը պարտավոր է իրականացնել եւ կիրականացնի, սակայն սեփական շահի համար, կորուսյալ հեղինակությունը վերգտնելու ակնկալիքով ՀՀ քաղաքացիներին սպառնալ, փողոց հանելու կոչեր անել, դիվադարար անելը ազնիվ արարք չէ, ոչ զուտ մարդկային ոչ էլ քաղաքական իմաստներով, մանավանդ, ոչ հեռավոր անցյալում այսօրվա փողոցային երթերի կոչ անողները իրենք էին ասում, որ եկել են փողոցից քանի որ հասկացել են, փողոցով հարցերը անհնարին էլուծել։
Ուստի, առաջարկս՝ երկրի թիվ մեկ ամբիոնը լիուլի ձերն է խոսեք, առաջարկեք, քննարկեք եւ եկեք միասին գտնենք լուծումները։ Հետո մի մոռացեք՝ ձեր փողոցն էլ ենք տեսել, փողոցից հետոն էլ, մի փորձեք քաղաքացիներին կրկին վահան դարձնել։
Ազգային Ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայան
16.01.2018