«Ելքի» նամակը« Ծառուկյան» խմբակցությունում ստացվել է, բայց Գագիկ Ծառուկյանին չի փոխանցվել». Վահե Էնֆիաջյան

«Իրականում «Ելքի» նամակը «Ծառուկյան» խմբակցությունում մենք ստացել ենք, իսկ պարոն Գագիկ Ծառուկյանի չստանալու պատճառը եղել է զուտ տեխնիկական: Ես ձեզ վստահեցնում եմ` ՀՀ-ում տեղի ունեցող յուրաքանչյուր կարևորագույն գործընթացի հետ կապված՝ անձամբ պարոն Ծառուկյանը տեղեկանում է և տեղեկացված է լինում, և այս գործընթացի հետ կապված՝ պարոն Ծառուկյանը մեկնաբանել է, Գյումրիում լրագրողներին ներկայացրել է մեր դիրքորոշումը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` անդրադառնալով «Ելքի» մեղադրանքներին, որ նախագահի պաշտոնում Արտակ Զեյնալյանի թեկնածությունը սատարելու առաջարկով նամակը «Ծառուկյան» խմբակցությունը ստացել է, թեև Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը չի ստացել, այդ նամակն անգամ Վահե Էնֆիաջյանի ձեռքին տեսել են:

Ըստ խմբակցության քարտուղարի` 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ժողովրդին ներկայացվել է, որ հետագայում երկրի նախագահի ընտրության, կառավարության ձևավորման հարց կա, իսկ այսօր ՀՀԿ և ՀՅԴ 58+7 պատգամավորական մանդատով քաղաքական կոալիցիա է ձևավորվել, «Ծառուկյան» խմբակցությունն ունի 31 մանդատ, «Ելքը»` 9 մանդատ.

«Մեր մանդատները՝ միասին վերցրած, բավարար չեն: Մենք հավակնություն չունենք մի բանի մեջ ներգրավվել և գործընթաց սկսել, որի մեջ դու հավանականություն չունես հաջողության հասնելու, ի սկզբանե դատապարտված ես ձախողման, մենք նման գործընթացի մեջ մտնելու ցանկություն չունենք»:

Մեր դիտարկմանը` արդյոք դա պայքարից հրաժարում չի՞ նշանակում, Վ.Էնֆիաջյանը պատասխանեց. «Սա նշանակում է, որ ժողովրդին չենք հիասթափեցնում, որովհետև, եթե ժողովրդին ներկայացնենք, որ մենք թեկնածու ունենք և գնում ենք պայքարի, ժողովուրդը սկսելու է հույս կապել, սպասելիքներ են արթնանալու, ծրագրեր պետք է մոտեցնենք: Եվ դրանից հետո ի՞նչ է տեղի ունենալու: Միանշանակ մեծամասնության թեկնածուն հաղթելու է: Ի՞նչ է ստացվելու` ընդդիմությունը պարտվեց: ԲՀԿ-ն չի մտնելու մի գործընթացի մեջ, որտեղ նա պարտություն է ունենալու»:

Կարդացեք նաև

Ի պատասխան հարցին` հնարավո՞ր է ՀՀԿ-ի թեկնածուին սատարեն, խմբակցության քարտուղարը նշեց, որ բոլոր գործողությունների մասին հրապարակային կներկայացնեն. «Որևէ նման հարց չի քննարկվել»:

Տեսանյութեր

Լրահոս