Բաժիններ՝

Շաբաթվա գլխավոր տրանսֆերային նորություններն ու շշուկները

Ձմեռային տրանսֆերային պատուհանն արդեն բաց է: Տրանսֆերային ձմռան առաջին կեսին արդեն տեղի են ունեցել սպասված և հետաքրքիր տրանսֆերներ: 168.am-ն առանձնացրել է շաբաթվա ամենահետաքրքիր տրանսֆերները և տրանսֆերային խոսակցությունները:

Ամռան ամենասպասված տրանսֆերն իրականացավ ձմռանը: Բրազիլացի ֆուտբոլիստ Կոուտինիոն արդեն պաշտոնապես կատալոնական ակումբի ֆուտբոլիստ է: 25-ամյա ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր:

Կատալոնական «Բարսելոնան» «Լիվերպուլին» կվճարի 120 մլն եվրո, ինչպես նաև 40 մլն եվրո բոնուս:

Կարդացեք նաև

Կատալոնական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի գլխավոր նյուզմեյքերն է, քանի որ շատ ակտիվ տրանսֆերային գործունեություն է ծավալում:

«Պալմեյրասի» պաշտպան Իերի Մինան ևս պաշտոնապես ներկայացվեց՝ որպես կատալոնական ակումբի ֆուտբոլիստ:

Կատալոնացիները կոլումբիացի պաշտպանի համար վճարել են 11,8 մլն եվրո: Մինան կնքել է 5 տարվա պայմանագիր:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շուրջ պտտվում են մի շարք տրանսֆերային շշուկներ: Տրանսֆերային քննարկումների նոր ալիք բարձրացրեց Adidas ընկերությունը:

Համացանցում պտտվում են սքրինշոթեր, որտեղ սպորտային հագուստի հայտնի բրենդի պաշտոնական էջը ներկայացնում է արգենտինացի ֆուտբոլիստ Դիբալային՝ որպես մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստ:

Adidas-ի թվիթերյան պաշտոնական էջից գրառումը ջնվել է վայրկյանների ընթացքում:

Երկուշաբթի «Բոլոնիայի» կիսապաշտպան Սիմոնե Վերդին կպատասխանի «Նապոլիին»: Ըստ իտալական մամուլի՝ պատասխանը կլինի դրական: Նշվում է, որ կողմերը համաձայնել են իրականացնել տեղափոխությունը 20 մլն եվրոյի դիմաց:

«Ռոմայի» երիտասարդ դարպասապահ Ալիսոնը հետաքրքրում է միանգամից մի քանի թոփ ակումբների:

Բրազիլիայի հավաքականի 25-ամյա դարպասապահին իրենց կազմում են ուզում տեսնել ֆրանսիական ՊՍԺ-ն և իսպանական «Ռեալը»:

Ավելի վաղ նշվում էր, որ դարպասապահը կտեղափոխվի «Լիվերպուլ», սակայն մերսիսայդցիները չեն պատրաստվում գնել նոր դարպասապահ հունվարին:

Թուրքական «Ֆեներբախչեի» հարձակվող Ռոբին վան Պերսին մոտ է «Ֆեյենորդ» տեղափոխվելուն:

«Ամեն ինչ հարթ չի ընթանում, բայց մենք կարծես ճիշտ ճանապարհին ենք»,- նշել է ռոտերդամյան ակումբի մամուլի քարտուղարը:

Շաբաթվա ամենաթարմ տրանսֆերային նորությունը կրկին Կատալոնիայից է:

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց, որ թիմի թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը տեղափոխվել է թուրքական «Ստամբուլ»:

30-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 2,5 տարվա պայմանագիր:

Կատալոնական ակումբի կազմում Թուրանն անցկացել է 55 խաղ, խփել է 15 գոլ և նվաճել է 6 մրցանակ:

Ի դեպ, Թուրանի հեռանալուց հետո կարծես թե պարզ է, թե ինչ համարով հանդես կգա Կոուտինիոն: Նշենք, որ Թուրանը հանդես էր գալիս Կոուտինիոյի նախընտրած 7 համարով:

Եվ վերջում՝ հայ ընթերցողներին ամենից շատ հետաքրքրող տրանսֆերի մասին: Ալեքսիս Սանչեսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական մամուլը գրեթե համոզված է, որ Սանչեսի տրանսֆերի մաս կկազմի հայ կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում մանկության երազանքն է եղել խաղալ լոնդոնյան ակումբի կազմում:

Այսօր արդեն Արսեն Վենգերը նշել է, որ Սանչեսը չի ցանկանում երկարաձգել իր պայմանագիրը: Անգլիական մամուլի տեղեկություններով՝ Ժոզե Մոուրինիոն անձամբ է զանգահարել Արսեն Վենգերին՝ խնդրելով բաց թողնել Սանչեսին:

Ըստ վերլուծաբանների՝ Մխիթարյանի և Սանչեսի փոխանակումը հաջող գործարք է թե՛ ակումբների, և թե՛ ֆուտբոլիստների համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս