Արցախում բենզինի և դիզելային վառելիքի գները թանկացել են
Տարեսկզբից Արցախում թանկացել են բենզինն ու դիզելային վառելիքը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ մասնավորապես «Պրեմիում» տեսակի բենզինը 450 դրամից դարձել է 470 դրամ, «Ռեգուլար» տեսակինը՝ 430-450, իսկ դիզվառելիքի գինը 400 դրամից հասել է 460 դրամի:
Ս. Գրիգորյանի հաղորդմամբ՝ նշված թանկացումները պայմանավորված են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ:
«Համաձայն Հանձնաժողովի նախագահի հանձնարարականի՝ մենք ամենօրյա շարունակական ուսումնասիրություններ ենք անցկացնում. մեր ուսումնասիրությունների արդյունքում մյուս ապրանքատեսակների մասով չենք արձանագրել գնային էական փոփոխություններ: Շուկաններում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը` մասնավորապես գնային քաղաքականությունը մշտապես մեր դիտակետում է: Ուսումնասիրության ներկայիս արդյունքերով այստեղ չարաշահումներ չկան»,-ավելացրել է Ս. Գրիգորյանը:
Խոսելով առաջիկայում սպասվող թանկացումների մասին՝ պատասխանատուն նշել է, որ թանկացումներ հնարավոր են միայն այն ապրանքատեսակների մասով, որոնք ներկրվում են 3-րդ երկրից, որն էլ ԵԱՏՄ կազմում չէ:
«Այդուհանդերձ, այդ դեպքում ևս մաքսատուրքերի փոփոխությունները, որոնք կարող են ազդել որոշ ապրանքատեսակների իրացման գների վրա ոչ էական են՝ 1-4 տոկոս: Մենք շարունակելու ենք հետևել, որպեսզի այն ապրանքային շուկայում, որտեղ առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, տնտեսական պայմանների փոփոխություններին համահունչ գնային քաղաքականություն վարվի: Եթե պարզենք, որ որևէ տնտեսվարող սուբյեկտ շուկայում անհիմն գներ է բարձրացրել, Հանձնաժողովը օրենքի ամբողջ խստությամբ ենթարկելու է պատասխանատվության»,-պարզաբանել է Ս. Գրիգորյանը: