Բաժիններ՝

«Սպասում ենք արգենտինացի մարզիչներին». Ռուբեն Հայրապետյան

«Մենք բանակցել ենք և սպասում ենք արգենտինացի մարզիչներին, որոնք ամսի 20-ից հետո կլինեն Հայաստանում, եթե ինչ-որ սենսացիոն բան տեղի չունենա։ Նրանք գալիս են 6 հոգով, բոլոր պատանեկան թիմերը հանձնելու ենք նրանց, և նրանք աշխատելու են այդ թիմերի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ այդ խումբը ղեկավարող մարզիչը փորձառու է. «Ժամանակին նա ղեկավարել է Արգենտինայի 19 տարեկանների հավաքականը, որը մասնակցել է աշխարհի առաջնությանը։ Լսելով նրա առաջարկները, նաև նա, լսելով իմ պահանջները, խնդիր է դրվել՝ հայ ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ վիճակը բարձրացնել, և հայ ֆուտբոլիստներն ավելի շատ ընդգրկվեն միջազգային բարձրակարգ ակումբներում։ Խնդիր է դրված, որ այդ հավաքականները տան արդյունքներ։ Ինձ ավելի շատ պետք է, որ հայկական ֆուտբոլում պատրաստենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, որպեսզի մեր 21 տարեկաններն ու Ազգային հավաքականը համալրվեն ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներով և ավելի լավ հանդես գան միջազգային ասպարեզներում»։

Հայրապետյանը նշեց, որ Հայաստանի ազգային հավաքականն առայժմ որևէ ընկերական հանդիպում չի անցկացնի։

«Վախենում ենք հիմա ընկերական հանդիպումներ անցկացնել, հենց անցկացնում ենք, ասում են՝ պայմանավորված խաղեր են։ Վիճակահանությունից հետո, անպայման, կներկայացնենք ազգային հավաքականի բոլոր ծրագրերը»,- նշեց նա։

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի հավաքականի ձախողումներից հետո երկարացվեց գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ գործող պայմանագիրը, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Որովհետև վստահում եմ նրան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս