Մարաշի զինված խմբի գործով պաշտպանները շուրջ 40 րոպե անտեղյակ էին նիստի ուշացման պատճառներից
Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստը սկսվեց տևական ուշացումով: Ինչպես դատական նիստի սկզբում հայտնեց գործով նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը, ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի համար շտապօգնություն էր կանչվել, և դա է նիստի ուշացման պատճառը:
Նշենք, որ վաղը կլրանա մեկ ամիս, ինչ Հ.Սարիբեկյանը հացադուլի է դիմել: Լրագրողների հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Նարինե Ռշտունին հայտնեց, որ ինքը մեծապես անհանգստացած է իր պաշտպանյալի առողջական վիճակով:
Դատական նիստին ներկա չէր գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ ու Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Դատարանը դատական նիստին նրա չմնալը որակեց որպես ոչ միայն դատարանի, այլև դատավարության մասնակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունք: Սակայն դատավարության, մասնավորապես, պաշտպանական կողմի, մասնակիցները չէին կիսում դատավորի որակումը:
Հարություն Սարիբեկյանի պաշտպան Նարինե Ռշտունին դատարանին տեղեկացրեց, որ շուրջ 40 րոպե իրենց ոչ ոք չի տեղեկացրել դատական նիստի ուշացման պատճառների մասին: Մասնավորապես, Հայկ Ալումյանը փորձում էր կապվել դատավորի գրասենյակի հետ և պարզել պատճառները, սակայն նրա զանգերն անպատասխան են մնացել:
Դատավորի աշխատակազմի ներկայացուցիչները չեն արձագանքել նաև Հայկ Ալումյանի՝ նիստերի դահլիճի դռան թակոցներին՝ պաշտպանը թակում էր, որպեսզի դատավորի օգնականը կամ նիստերի քարտուղարը գոնե նիստերի դահլիճի դուռը բացի, և իրենք սպասեն դատական նիստի սկսվելուն դահլիճում, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են եղել: Դատավորն ի պատասխան հայտարարեց, որ որևէ հեռախոսազանգ իրենց մոտ չի եղել:
Մեղադրող կողմն էլ արձանագրեց, որ նիստին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:
Իսկ հղիության 39-րդ շաբաթում գտնվող ամբաստանյալ Նելլի Մինասյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն իր հերթին դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը հունվարի 18-ին պետք է ենթարկվի կեսարյան հատման: Դատարանը որոշեց երկու շաբաթով՝ մինչև հունվարի 26-ը, հետաձգել դատական նիստը՝ մինչև որ պարզվի ինչքան ժամանակ ամբաստանյալը չի կարողանա ներկայանալ դատական նիստին և ըստ այդմ կնշանակվի հետագա դատական նիստը: