Մակրոնը Թրամփին հայտարարել է Իրանի հետ միջուկային պայմանագրի կատարման հանձնառության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփին հայտարարել է Իրանի հետ միջուկային պայմանագրի խստիվ կատարման հանձնառության մասին: Այդ մասին ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ: Երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը կայացել է հունվարի 11-ին: «Պայմանագրի հստակ կատարումը պետք է ուղեկցվի Իրանի բալիստիկ ծրագրի եւ նրա տարածաշրջանային քաղաքականության հարցի շուրջ կոշտ երկխոսությամբ»,- հաղորդագրության մեջ բերված է Մակրոնի խոսքը:
Ֆրանսիայի նախագահը նաեւ արծարծել է Կորեական թերակղզու իրադրությունը վերջերս Պեկին կատարած այցի ֆոնին: Նա դրական ազդանշան է համարել միջկորեական շփումների վերսկսումը:
Նախօրյակին ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ իրանական ԳՀՀԾ-ի կատարման շրջանակներում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն է ունեցել միջազգային առեւտրի եւ Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների վրա: Նա նաեւ ասել է, որ Իրանի հետ միջուկային գործարքն աշխատում է, եւ ԵՄ-ն շարունակելու է պնդել դրա ամբողջական կատարումը բոլոր մասնակիցների կողմից:
«Իրանի կողմից ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների ամբողջական կատարումը հաստատված է ՄԱԳԱՏԷ-ի ինը հաշվետվություններում: Կազմակերպությունը հավաստել է Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը: Այդ համաձայնագիրը թույլ է տալիս հսկողություն ապահովել իրանական միջուկային ծրագրի նկատմամբ: Ուստի ԵՄ-ն պնդում է, որ բոլոր մասնակիցները շարունակեն կատարել իրենց հանձնառությունները»,-ասել է Մոգերինին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: