«Մինչ այսօր մենք որևէ մեկից առաջարկ կամ արձագանք չունենք». «Ելքը» միայնակ կանցկացնի երթը
«Կարծում եմ՝ դա պայմանավորված է գալիք ապրիլ ամսով, երբ Սերժ Սարգսյանը փորձելու է վերարտադրվել հերթական անգամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության մասին:
Հիշեցնենք, որ երեկ Ս. Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել գնաճը մեղմելու հարցով:
Ա. Սիմոնյանի խոսքով՝ եթե նայենք պատմությանը, Ս. Սարգսյանը միշտ ընտրություններից առաջ, երբ ինչ-որ փուլ է ավարտվում, և պետք է նոր փուլ լինի, նման հայտարարություններ է անում ու ձեռնարկում.
«Պարզ է, որ այսօր իրավիճակը վատթարացել է և գնալով ավելի է վատթարանալու: Այդ ֆոնի վրա, բնական է, ցանկություն կա՝ ինչ-որ ցուցադրական բաներ անել: Բայց այստեղ մի մեծ հարց է առաջանում, թե ի՞նչն էր խանգարում Սերժ Սարգսյանին այս տարիների ընթացքում չբերել մեր տնտեսությունը, մեր երկիրը հասցնել այն վիճակին, որ կարիք լինի նման հայտարարություններ անել: Այն հեքիաթը, որ համաշխարհային ճգնաժամ է և այլն, արդեն վաղուց սպառվել է այդ խոսակցությունը, և անընդհատ այդ համաշխարհային ճգնաժամի վրա գցելն արդեն անլուրջ է: Բնական է, ստիպված նման քայլերի են դիմում, վստահ են՝ մի նոր բան կարող են հնարել»:
Մեր ճշտող հարցին՝ ամեն դեպքում, դա կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ թանկացումների վրա, հնարավո՞ր է՝ ինչ-որ ձևով հնարավոր լինի զսպել թանկացումները՝ Ա. Սիմոնյանն այսպես պատասխանեց.
«Ես տնտեսագետ չեմ, բայց որքանով հասկանում եմ, ես ենթադրում եմ, որ ինչ-որ կոնկրետ հրահանգներ կլինեն, ենթադրենք՝ վառելիք ներմուծողին, կամ որևէ այլ մենաշնորհ ունեցող մարդուն, որ կտրուկ գներն իջեցնեն կամ պահեն այն սանդղակի վրա, որը կա, բայց դա մեծ վնաս է պատճառելու տնտեսությանը, որովհետև երբ դու արհեստականորեն ինչ-որ բան ես գին ես պահում, դու դա անում ես որևէ այլ բանի հաշվին: Կարծում եմ՝ դա միայն բացասական ազդեցություն կարող է ունենալ երկարաժամկետ մասով:
Կարծում եմ՝ հնարավոր է՝ մինչև մյուս Նոր տարի կարողանան զսպել գնաճը մի քիչ, բայց դա նշանակում է, որ հաջորդ Նոր տարուց հետո այդ գներն ուղղակի պայթելու են: Հիմա, չգիտեմ՝ մարդիկ կհասկանա՞ն, դուրս կգա՞ն ամսի 19-ին մեզ հետ փողոց, կփորձե՞ն ինչ-որ ձևով լսելի դարձնել իրենց ձայնը, թե՞ կմերվեն այն գաղափարի հետ, որ իրենց հետ ինչ անեն, իրենք պետք է մերվեն ու 4-5 տարին մեկ 10 հազար դրամի հետ փոխարինեն, դա իրենց ընտրությունն է, մենք մեր կողմից ամեն ինչ կանենք»:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին «Ելքն» ընդդեմ թանկացումների երթ է անցկացնելու: Մենք նաև հետաքրքրվեցինք, թե մինչ այսօր ի՞նչ արձագանքներ են եղել տարբեր քաղաքական ուժերի կողմից իրենց նախաձեռնության վերաբերյալ, և արդյոք իրենք ակնկալո՞ւմ են այլ ուժերի աջակցությունն այդ օրը: Ի պատասխան՝ Ա. Սիմոնյանն ասաց.
«Անկեղծ ասած, միակ ուժը, որին մենք ամենալուրջն ենք վերաբերվում, դա մարդկանց միասնական արձագանքն է, որովհետև դա է ծնում թե՛ մնացած քաղաքական ուժերի ով լինելը, թե՛ մեր ով լինելը: Հիմա զբաղված ենք կազմակերպչական և իրազեկման ծրագիրը նախագծելով և իրազեկումով:
Ըստ իմ տեղեկությունների՝ մինչ այսօր մենք որևէ մեկից առաջարկ կամ արձագանք չունենք: Ենթադրենք, եթե ինչ-որ ուժի մենք դիմենք, նրանք էլ մերժում են, մենք այդ ուժին փաստացի վատ իրավիճակի մեջ կդնենք, այսինքն՝ եթե ինքը չի համաձայնում, ստացվում է՝ իր համար դա մեկ է:
Իսկ եթե համաձայնի, ստացվում է՝ մենք մենակ չէինք կարողանում անեինք, իրեն ստիպեցինք մեզ միանալ: Հիմա մենք անում ենք, առաջարկը բաց է, քննարկման ենթակա, միշտ հնարավորություն կա՝ խոսել և միանալ, առավել ևս, սա անձի դեմ ուղղված չէ, սա թանկացումների դեմ է»: