Բաժիններ՝

Դեկտեմբերին սպառողական շուկայում գնաճը կազմել է 1.5 տոկոս

Նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6 տոկոս գնաճով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 3.2 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.1 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.1 տոկոսով:

2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում գրանցվել է սպառողական գների՝ 1.2-2.4 տոկոս գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.2 տոկոսով:

2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.6 տոկոս, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)՝ 105.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.7 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 99.5 տոկոս: 2017թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 0.1 տոկոս նվազում):

2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար դիտարկվող 452 անվանում սպառողական ապրանքներից (ծառայություններից) 262–ը ունեցել են գնաճի, 164-ը՝ գնանկման միտում, իսկ 26-ի գների մակարդակը մնացել է անփոփոխ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս