«2018թ. Ադրբեջանի քաղաքականությունը ԼՂ հակամարտության գոտում ավելի հավասարակշռված կլինի». Եվսեև

«Ադրբեջանը կխուսափի լարել իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած զարգացումներին և կարգավորման բանակցություններին:

Եվսեևի խոսքով՝ հակամարտության գոտին համեմատաբար հանգիստ էր 2017 թվականին, թեև զոհեր շարունակում են գրանցվել երկու կողմերում էլ, և բանակցային գործընթացը դժվար է հաջողված որակել:

«Ձեռքբերում կարելի է անվանել այն, որ բանակցությունների ընթացքում դժվարությամբ, բայց հաջողվեց կազմակերպել նախագահական հանդիպում Ժնևում տարեվերջին, ապա՝ նախարարական հանդիպում, որոնք կարծես տեղից շարժեցին բանակցային գործընթացը, բայց կողմերի միջև համաձայնության հարցում էական առաջընթաց չկա:

Ադրբեջանական կողմը պետք է նաև մտածի այն մասին, որ պատերազմական գործողությունները ելք չեն, քանի որ 2016 թվականի ապրիլից հետո Հայաստանը կարող է ադրբեջանական ագրեսիայից հետո հարձակողական գործողություններ նախաձեռնել՝ Ադրբեջանին դաս տալու նպատակով: Նոր պատերազմը գուցե նոր տարածքային կորուստների հանգեցնի: Ադրբեջանը պետք է մտածի նաև այն մասին, որ միջնորդները` ԱՄՆ-ը ու ՌԴ-ն, համամիտ են, որ հակամարտությունը պետք է սառեցվի, քանի որ ապրիլյան պատերազմից հետո այն ապասառեցված է, Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող շահարկել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հակասությունները, քանի որ Ղարաբաղի շուրջ հակասություններ չկան: Բաքուն չպետք է նաև փորձի ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ այդ հակամարտության ադրբեջանամետ կարգավորման համար, քանի որ ապրիլյան պատերազմից հետո համապատասխան ազդակներ է ստացել:

Այս ամենը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի դիրքորոշումը հաշվի առնելով, կարծում եմ, որ 2018 թվականին Ադրբեջանի քաղաքականությունը ԼՂ հակամարտության գոտում ավելի հավասարակշռված կլինի: Հիշեցնեմ նաև, որ մյուս տարի ՌԴ-ում նախագահական ընտրություններն են, կարծում եմ` Ադրբեջանը կխուսափի լարել իրավիճակն այդ փուլում»,- նման կարծիք հայտնեց Վլադիմիր Եվսեևը:

 

Տեսանյութեր

Լրահոս