Բաժիններ՝

«Ինչ ցանել եք, այն էլ պետք է հնձեք». Գագիկ Ծառուկյան

Այսօր Գյումրի այցելած «Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոստացավ Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին 100 մլն դրամ հատկացնել Ամանորը պատշաճ ձևով դիմավորելու համար:

«Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Գ.Ծառուկյանը նշեց.

«Աղքատությունը վերացվում է տնտեսության զարգացման շնորհիվ: Գնաճի դեպքում պետք է աշխատավարձն ու թոշակը բարձրացվի: Ես գյումրեցիներին սիրում եմ՝ որպես հյուրասեր մարդիկ: Ես ամեն տարվա վերջ գալիս եմ մարդկանց շնորհավորելու: Ցանկացած պետության հարստություն մեր ժողովուրդն է: Մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ իրենք էլ կարողանան հույսով ու հավատով ապրել: Գոնե այդ ուրախ տոնը կարողանան լիարժեք ընտանիքով նշել: Միս էլ լինի, կարագ էլ լինի: Դրա համար ես 100 միլիոնը տրամադրել եմ իմ գործընկերներին, որից 50 միլիոնը՝ դոմիկներում բնակվողներին, մնացած 50 միլիոնը՝ այլ անապահով ընտանիքներին:

Կապ չունի քաղաքական պատկանելությունը, մեր համար հարստությունը մարդն է: Մենք պետք է կարողանանք գնահատել մեր ժողովրդին, բարեգործությամբ երկիր չես կառուցի: Պետք է հնարավորություն ունենանք օրենք փոխելու, համապատասխան մարդկանց փոխելու: Գյումրիում պետք է գործարաններ բացվեն, արտադրանք տան, մարդիկ հիմնական արտադրանքի սպառումով զբաղվեն: Անհնարին ոչինչ չկա: Հարկավոր է ձգտել իրականություն դարձնել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Կարդացեք նաև

Վերջինս նշեց, որ տնտեսական աճ չկա, վիճակի բարելավումն էլ մարդն ինքը պետք է զգա:

«Մի ծաղկով գարուն չի գա: Ոչ թե միայն իմ երեխաները պետք է օգտվեն, այլ ցանկացած մարդու ընտանիք էլ, երեխաներն էլ պարտավոր են օգտվելու և՛ մսից, և՛ կարագից: Ես բանվորի ընտանիքից եմ և գիտեմ էդ ապրելակերպը: Ես ասում եմ՝ կարող եմ չխառնվել, բայց ես այդ մարդը չեմ»:

Արդյո՞ք Գ. Ծառուկյանը պատրաստվում է, բացի բարեգործությունից, ներդրումներ կատարել Գյումրիում: Վերջինս պատասխանեց, որ այն ծրագիրը, որն իրեն կարդարացնի, ինքը պատրաստ է ներդրումներ կատարել դրա իրականացման համար:

Պատասխանելով 10 լավագույն մարզիկների ընտրության կարգի հարցին՝ ՀԱՕԿ նախագահը նշեց.

«Հիմա կան մարզիկներ, ովքեր աշխարհի չեմպիոններ են, բայց 10 լավագույնի մեջ չկան: Էնքան բամբասում են Ծառուկյանի վրա: Ծառուկյանն ասեց՝ հարգելի ժողովուրդ, դուք ընտրեք: Ես ասել եմ, որ 27-ն էլ իմ համար 10 լավագույն են: Իմ համար հաճելի չէ, որ Արսենն այնտեղ չէ, Գոռն այնտեղ չէ, Աշոտն այնտեղ չէ: Համենայնդեպս, ժողովուրդն է ընտրել: Կարող ենք 10 լավագույնը սարքել 20 լավագույն, քանի որ բոլոր սպորտաձևերում էլ ունենում ենք լավագույններ: Ես չեմ ուզում որևէ մեկին նեղացնել, բայց դա Ծառուկյանից կախված չէ»:

Քաղաքականությանը վերաբերող հարցերին ի պատասխան՝ Գ.Ծառուկյանն ասաց.

«Համապատասխանաբար, այն, ինչ ցանել եք, այն էլ պետք է հնձեք: Ծառուկյանն ասաց՝ տվեք 50 պլյուս մեկ, պատասխանատու եմ իմ բոլոր ասածների համար. և՛ 15 կետերի, և՛ 15 միլիարդի համար: 15 միլիարդի համար ասացին՝ Ծառուկյանը բլեֆ է անում, ներդրողներն էլ ասացին՝ մենք պատրաստ ենք: Համապատասխան դուք օրինական կարգով ձեր ձայնը տվեցիք ձեր քուչի տղուն, ձեր թաղապետին, ձեր քաղաքապետին, ձեր գյուղապետին: Հո չե՞մ ասում, թե ընտրությունը կեղծ է եղել: Ընտրությունը եղել է նորմալ, այսօր արդեն 5 տարի ձեր արածը պետք է գնաք և ստանաք»:

Վերջում Գ.Ծառուկյանը հավելեց, որ իրենք նախագահի թեկնածու չեն ունենալու.

«Եթե մեր քանակը քիչ է, ապա ինչի՞ հիման վրա պետք է մենք դնենք: Եթե մերը 31 պատգամավոր է, հարկավոր է 75-ը, ինչի՞ համար դնենք»:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս