Շարմազանովը հորդորում է Ռուբեն Թաթուլյանի հարցով դիմել ԱԳՆ-ին
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս Ռուբեն Թաթուլյանի հարցով, թե ինչպես է նա դիվանագիտական անձնագիր ստացել, դիմել պաշտոնական ԱԳՆ-ին:
«Այս հարցի պատասխանն իմ լիազորությունների շրջանակում չէ: Ես ամեն ինչի պատասխան տվողը չեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Է.Շարմազանովը` անդրադառնալով ԱՄՆ հրապարակած սև ցուցակին, որտեղ ընդգրկված են ռուսական քրեական հեղինակություններ, նաև Ռոբսոն մականունով Ռ.Թաթուլյանը:
Ինչ վերաբերում է օրենքով գողերին ֆինանսավորելու խնդրին, Է.Շարմազանովն ասաց, որ ժողովրդավարությունը պահանջում է անմեղության կանխավարկած, և քանի դեռ չկա դատական վճիռ, մեղադրել չի կարելի:
«Հայաստանում ներդրումները և ֆինանսավորման աղբյուրները պետք է լինեն օրինական, բայց որպեսզի ասել՝ անօրինական է, անհրաժեշտ է դատական վճիռ: Որևէ քաղաքացու նկատմամբ վերդիկտ մի կայացրեք»,- ասաց ՀՀԿ խոսնակը: