«Իրեն խելագարի պես էր պահում, մեկ ապակին էր ջարդում, ներքև գցում, մեկ գոռում». ենթադրյալ դանակահարողի հարևան
168.am-ը «Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում գտնվող դանակահարված կանանցից փորձել է հետաքրքրվել, թե ըստ իրենց, ի՞նչը կարող էր դրդել հանցագործության մեջ կասկածվող անձին նման քայլի գնալ, սպասելի՞ էր, որ նման բան տեղի կունենա, նախկինում ծանոթ եղե՞լ են այն անձին, ումից փորձել են կոշիկ գնել, իրենց միջև ինչ-որ անձնական խնդիր եղե՞լ է:
Մեր այցելության ժամանակ հիվանդասենյակ տեղափոխված կանանց այցելության էին գալիս հարազատները: Հարցերին պատասխանեց հիվանդասենյակում գտնվող կանանցից մեկը:
«Նախ կոշկակար չէ, առևտրական է, կոշիկ, ապրանք կծախե «Լիանա» տոնավաճառում, տաղավար ունի: Ինքը տան մեջ էլ կոշիկ կծախե: Ինչ-որ անձնական խնդիր չկա մեր միջև: Սաղ շենքը գիտե, թե ինքն ով է: Նյարդային վիճակների մեջ կընկնի: Դեպքի ժամանակ ոչ մեկը մեզ չի օգնել: Հազիվ փախել ենք»,- նշեց կանանցից մեկը:
Այցելեցինք նաև այն շենքը, որտեղ բնակվում է հանցագործության մեջ կասկածվող կոշիկ վաճառողը կամ կոշկակարը: Ահա, թե ինչ էին պատմում հարևաններն իր մասին:
«Իրեն խելագարի պես էր պահում, մեկ ապակին էր ջարդում, ներքև գցում, մեկ գոռում: Ոստիկանությունից գալիս, ասում էին, թե մեկնումեկը թող դիմում գրի, որ կարողանանք գործ հարուցել: Սակայն ոչ ոք դիմում չէր գրում: Վերջը երկու հոգու վնաս տվեց, նոր գործ հարուցեցին: Այդ անձը հասարակության համար վտանգ է ներկայացնում, նրան պետք է մեկուսացնել հասարակությունից: Ապրում է կնոջից բաժան, երևի հոգեկան շեղումներ ունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչներից մեկը:
Մեկ ուրիշն էլ ասաց, որ ինքը կատարվածի ընթացքում տանը չի եղել, բայց որոշ չափով կարողացավ նկարագրել հանցագործության մեջ կասկածվող անձին:
«Նախ դեպքը երրորդ հարկում է տեղի ունեցել: Տան մեջ էլ ահագին արյուն կար: Երկրորդ հարկում բնակվող ռուս ընտանիք կա, իրանք են ոստիկանություն զանգել»:
Մեր այցելության պահին շենքի վերջին մուտքում՝ առաջին և երկրորդ հարկերում դեռևս պահպանվել էին դանակահարության հետևանքով առաջացած արյան հետքերը: Դրանք բացակայում էին երրորդ հարկում: Այն բնակարանը, որտեղ տեղի էր ունեցել երկու կանանց դանակահարությունը կնիքված էր:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի խոսքով հանցագործության մեջ կասկածվող անձի ցուցմունքի բովանդակությունն իրենք չեն կարող հրապարակել ելնելով նախաքննության գաղտնիության սկզբունքից:
«Քրեական գործն հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով: Ելնելով վնասվածքների ծանրության աստիճանից, բնույթից՝ տուժողները դեռ չեն հարցաքննվել: Նրանք ի վիճակի չեն ցուցմունք տալու: Այդ մասին է փաստել նաև բժիշկն իր տված տեղեկանքով»,- մեզ հետ զրույցում նշեց Շիրակի մարզի դատախազը:
«Երեկ դանակահարված հիվանդներն ընդունվել են ժամը 21:30-ի սահմաններում: Ինքնուրույն են եղել: Զննումից պարզվել է, որ երկուսի մոտ էլ առկա է դեպի որովայնը թափանցող վերքեր: Մեկի մոտ որովայնի խոռոչում արյան կուտակումով, առանց ներքին օրգանների, աղիների վնասման, որովայնի խոռոչը մաքրվել է: Մյուսի մոտ էլ կա մինչև կողը հասնող կրծքագեղձի վերք, դեմքի վրա թեթև վերք, միևնույն ժամանակ սրունքի զույգ պճեղների կոտրվածք: Նրան էլ է կատարվել վերքի ստուգում, պարզվել է, որ այն իրոք թափանցող է: Երկուսն էլ գտնվել են ռեանիմացիայում: Այսօր առավոտյան երկուսի վիճակն էլ բավարարին մոտ է եղել, ուստի տեղափոխվել են պալատ: Հիմա համապատասխան բուժում են ստանում: Թե ի՞նչ է եղել, մանրամասները՝ ով է խփել և այլն, դրանք չգիտեմ»,-մեզ հետ զրույցում նշեց «Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Տիտիրյանը:
Հավելենք, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 21:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել «որովայնի աջ պատի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1971 թվականին ծնված Հ.Ղ.-ն, և «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1980 թ. ծնված Գ.Ծ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Գ.Ծ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գյումրիի Վ.Սարգսյան փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1983 թվականին ծնված Գագիկ Կ.-ն դանակով հարվածել է իրենց և պատճառել վնասվածքներ, ապա Հ.Ղ.-ին հրել և գցել շենքի շքամուտքի աստիճաններին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նույն օրը՝ ժամը 23:00-ին, Վ.Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի դիմացից ոստիկանության ծառայողները Գագիկ Կ.-ին բերման են ենթարկել բաժին:
Գագիկ Կ.-ն ձերբակալված է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է քննություն:
Անահիտ Սիմոնյան