«Սերժ Սարգսյանի այցելությունը Վրաստան՝ առանձնանում է». Ալիկ Էրոյանց
Հայ-վրացական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են գտնվում թե տնտեսական, թե քաղաքական հարթությունում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
«Այդ մակարդակը թույլ է տալիս ասելու, որ այդ հարաբերությունները մշտապես զարգանալու, ընդլայնվելու տեղ, ներուժ ունեն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան ևս մեկ անգամ փաստում է կողմերի միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը և հնարավորությունների ընդլայնման ձգտումները»,- ասաց Ալիկ Էրոյանցը:
Նա նկատեց, որ Վրաստանի վարչապետի այցի հետաձգումը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց, նույնիսկ ոմանք հայ-վրացական հարաբերությունների համատեքստում դա սկանդալային որակեցին, սակայն այսօր տեսնում ենք հայ-վրացական հարաբերությունների շարունակական խորացումը:
Վրացագետի խոսքով՝ ՀՀ նախագահի այցելությունը Վրաստան առանձնանում է այն հանգամանքով, որ Հայաստանն այսօր ԵՄ-ի հետ ստորագրել է համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
«Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները, կարծես, նոր հարթություն են տեղափոխվում՝ այն առումով, որ Վրաստանը երկար տարիներ է հետևում է եվրոպական ուղղությանը: ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանի ու Վրաստանի երկխոսությունն ավելի անկաշկանդ կարող է լինել»,-ասաց նա:
Ալիկ Էրոյանցը կարևոր համարեց Վրաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է օգտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքով բեռներ տեղափոխելու հնարավորությունից: Դա այլընտրանք կարող է լինել Վերին Լարսին: Ալիկ Էրոյանցը նկատեց, որ այս հայտարարությունը հնչեց ՀՀ նախագահի՝ Վրաստան կատարելիք այցից առաջ:
Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից: 2008 թ. ապրիլին Բաթումում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Հայաստանի եւ Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցության եւ օրենսդրության ներդաշնակեցման նպատակով ձեւավորված է միջխորհրդարանական հանձնաժողով, որը համանախագահում են երկու երկրների խորհրդարանների նախագահների տեղակալները: Տնտեսական համագործակցության խորացման նպատակով գործում է տնտեսական միջկառավարական համագործակցության հանձնաժողով, որը գլխավորում են երկու պետությունների վարչապետները: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է նաեւ հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողով:
2013 թ. աշնանը ձեւավորվել է հայ-վրացական առեւտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի առաջին նիստը գումարվել է 2014 թ. մարտի 21-ին:
Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր եւ արձանագրություններ: Երկու երկրների միջեւ հիմնարար փաստաթուղթը 2001 թ. հոկտեմբերին ստորագրված «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրն է:
Առեւտրատնտեսական բնագավառում գործում են ազատ առեւտրի, երկակի հարկերից խուսափելու, ավտոմոբիլային եւ օդային հաղորդակցության, իրավական օգնության, ներդրումների խրախուսման եւ տնտեսական կապերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծող մի շարք այլ համաձայնագրեր:
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակները՝ գյուղմթերք, ավտոմեքենաներ, հանքային ջրեր, քիմիական արտադրանք, դեղամիջոցներ: Արտահանվող հիմնական ապրանքատեսակները՝լեռնաարդյունահանող սարքավորումներ, բուսաբուծական եւ թռչնաբուծական ապրանքներ, գյուղմթերք, սննդի արդյունաբերության արտադրանք: