«Ինձ ձերբակալելով Ադրբեջանն ավելացրեց Արցախի զբոսաշրջիկների թիվը». Լապշին
Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատազրկումը հակառակ ազդեցությունն ունեցավ, քանի որ 2017 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ աճեց Արցախ այցելուների թիվը: Այս մասին իր բլոգում գրառում է կատարել հենց բլոգեր Լապշինը:
«Ինձ համար անցնող 2017 թվականը հեշտ տարի չէր, քանի որ այդ տարվա ընթացքում գրեթե 9 ամիս Արցախ այցելելու համար անցկացրեցի ադրբեջանական բանտում: Ես ստիպված եղա խորանալ ադրբեջանական կլանների կեղտոտ գործերի մեջ, իմանալ Ալիևների ընտանեկան աղտերի մասին, շրջել Բաքվի սուլթանի կնոջ անձնական ինքնաթիռով, անձամբ տեսնել և լսել այս մուսուլմանական երկրում կռիվները իշխանության և նավթային գումարների համար: Նրանց ռասիզմն ու ատելությունը ոչ միայն Արցախի հակամարտության հետևանքով հայերի դեմ է, այլ ընդհանրապես բոլոր այլադավանների»,- նշել է Լապշինը:
Նա պարադոքսալ է համարել այն, որ թեպետ իր դեմ տարված դատական գործով Ադրբեջանը նպատակ ուներ վախեցնել ողջ աշխարհին, այդուհանդերձ Բաքուն նպաստեց նրան, որ 2017 թվականին Արցախ այցելի կրկնակի ավելի շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարում էր: «Նրանց շարքում էին նաև Մերձբալթյան երկրներից իմ ընկերները՝ Ալեքսանդր Ալիմովը և Իվար Ուտինասը Լատվիայից ու Սլավա Գորբունովը Լիտվայից: Նրանք հիանալի ֆիլմ են նկարահանել այդ հրաշալի վայրի, դրա մշակույթի, ժողովրդի, բնության, ճարտարապետական հուշակոթողների վերաբերյալ: Դիտեք, վստահ եմ, որ դուք էլ կցանկանաք լինել այնտեղ»,- գրել է Լապշինը:
Ֆիլմի մասին պատմող կարճ տեսահոլովակը ներկայացնում ենք ստորև: