Մատենադարանը համալրվել է արժեքավոր նոր ձեռագրերով, փաստաթղթերով
2017 թվականը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համար իրադարձություններով հարուստ տարի էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:
«Մենք սովորաբար հետազոտական գործունեության արդյունքներն ամփոփում ենք մենագրությունների, ժողովածուների, հոդվածների, ինչպես նաև տարբեր գիտաժողովներում մեր աշխատակիցների զեկուցումների տեսքով: Այս առումով 2017 թվականը գերազանցում է նախորդ տարիների արդյունքները: Մեկ տվյալ ներկայացնեմ. հրատարակված գիտական հոդվածների թվով այս տարին երեք անգամ գերազանցում է 2015 թվականը: Եթե 2015 թվականին հրատարակվել է 50 հոդված, ապա այս տարի` 150-ից ավելի, 2016 թվականին` շուրջ 90: Այս հոդվածները տարբեր ուղղվածության են` բանասիրություն, պատմագիտություն, արվեստաբանություն, աստվածաբանություն, բնագրագիտություն, ձեռագրագիտություն և այլն»,- ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:
Այս տարի Մատենադարանում կազմակերպվել է չորս միջազգային գիտաժողով: Դրանցից մեկը վերաբերում էր հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին: Մյուս գիտաժողովի շրջանակում համախմբվել էին հիմնականում ԱՊՀ երկրների մասնագետները, որոնք զբաղվում են ձեռագրերի, փաստաթղթերի պահպանման, վերականգնման ու թվայնացման հարցերով: Հաջորդը` Նարեկացիական 3-րդ ընթերցումներն էին, որի հիմքը դրել է Մատենադարանի նախկին տնօրեն հանգուցյալ Հրաչյա Թամրազյանը 2015 թվականին: Այս տարի նաև անցկացվեց երիտասարդական 3-րդ գիտաժողովը, որի շրջանակում ներկայացվեցին բարձր մակարդակի զեկուցումներ: Մատենադարանի գիտաշխատողներն այս տարի մասնակցել են աշխարհի խոշոր համալսարանների կողմից կազմակերպված միջազգային կոնգրեսների, գիտաժողովների:
Այս տարի Մատենադարանի ցուցասրահները թարմացվեցին և ներկայացվեցին նոր ցուցադրություններ: Մասնավորապես, նվիրված` Ղրիմի հայ մանրանկարչությանը, ինչպես նաև լեհահայ գրչությանը: Ցուցադրվեցին նաև Գիրակ Միրման գերդաստանի վերջին ժառանգորդի կողմից Մատենադարանին նվիրաբերված ընտանեկան կարևոր փաստաթղթեր՝ տոհմածառեր, հրամանագրեր:
Կազմակերպվեց ցուցադրություն նվիրված Ամստերդամում Ոսկան Երևանցու հրատարակած հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին: Ներկայացվեցին հնատիպ, արժեքավոր գրքեր: Այս տարի կազմակերպվեց նաև ցուցադրություն` նվիրված Լազարյանների տոհմին և Լազարյան ճեմարանին: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես Ռուսաստանից ժամանած այցելուների շրջանում:
Այս տարի լրացավ Վենետիկի Մխիթարյան միաբանության 300-ամյակը: Այդ առթիվ Մատենադարանում կազմակերպվեց ցուցահանդես, ներկայացվեցին հնատիպ գրքեր, արժեքավոր լուսանկարներ:
Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ ընթացիկ տարին հարուստ էր համալրումների առումով:
«Նվիրաբերվեցին մի շարք արժեքավոր ձեռագրեր, մի քանի խոշոր արխիվային հավաքածուներ: Արդեն նշեցի Գիրակ Միրման տոհմի փաստաթղթերի մասին: Մատենադարանին նվիրաբերվել է 15-րդ դարում Երուսաղեմում գրված Ավետարան, որը հետագայում օժտվել էր արծաթյա գեղեցիկ կազմով: Այն մեզ նվիրել է ամերիկահայ մի ընտանիք , Ավետարանը ներկայում ցուցադրվում է: Իրանահայ Ավո Հովհաննիսյանը տարիների ընթացքում Մատենադարանին նվիրաբերել է ձեռագրեր, հնատիպ գրքեր, արխիվային փաստաթղթեր: Այս տարի ևս նրա շնորհիվ հարստացել է մեր ֆոնդը, նվիրաբերված փաստաթղթերը Նոր Ջուղայի, այնտեղ բնակված ընտանիքների մասին են: Այս տարի ստացել ենք նաև հայագետ-բյուզանդագետ Հրաչ Բարթիկյանի արխիվը: Ուղարկվել են արխիվներ Ֆրանսիայից, մոտ օրերս սպասում ենք նյութեր ԱՄՆ-ից՝ նշանավոր հայագետ Չարլզ Դաուսեթի ֆոնդը»,- ասաց նա:
Մատենադարանի ձեռագրերի հավաքածուն գերազանցում է 20 հազարը, որի զգալի մասը նվիրատվություններ են: Ձեռագրերից 17 հազարը հայերեն է, մնացածը` արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, հունարեն, լատիներեն, ասորերեն, եբրայերեն, եթովպերեն, վրացերեն և այլն:
Ընթացիկ աշխատանքներից Վահան Տեր-Ղևոնդյանը առանձնացրեց հայկական ձեռագրերի Մայր ցուցակի ստեղծման գործընթացը: Արդեն տպագրվել է 9-րդ հատորը:
«Սրանք սովորական ցանկեր չեն, ձեռագրերի մանրամասն նկարագրություն-ուսումնասիրություններ են: Արդեն երեք հազար ձեռագիր ուսումնասիրվել է, ներառվել ցանկում: Առաջիկայում այդ աշխատանքը շարունակվելու է: 2017 թվականն աչքի ընկավ նաև Մատենադարանի գիտական պարբերական «Բանբեր Մատենադարանիի» երկու համարի՝ 2016 և 2017 թթ. հատորների հրատարակմամբ: Որոշում ընդունվեց առաջիկայում այս պարբերականը հրատարակել տարեկան երկու անգամ, որպես կիսամյա հանդես»,-հավելեց Վահան Տեր-Ղևոնդյանը: