
Հայաստանում կբարեփոխեն զինվորական ծառայության համար բժշկական փորձաքննության համակարգը

Զինվորական ծառայության համար բժշկական հանձնաժողովների հնարավոր չարդարացված որոշումների դեպքերը կանխելու համար նախատեսվում է բարեփոխել փորձաքննության ընթացակարգը: «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին է ասել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքով նախատեսում է, որ փորձաքննության ընթացակարգերը պետք է սահմանվեն ՀՀ կառավարության, ոչ թե պաշտպանության նախարարի որոշումներով: Եվ այդ որոշումների հիմքում մենք մտադիր ենք դնել փորձաքննության բարեփոխված ընթացակարգ: Ներկայում աշխատում ենք այդ հայեցակարգի ուղղությամբ», ասաց նախարարն ու հավելեց՝ անցումը պետք է կատարել շատ զգույշ՝ առաջիկա զորակոչը պատշաճ կազմակերպելու համար:
Դիտարկմանը, որ հաճախ բժշկական հանձնաժողովը հնարում է հիվանդություն՝ շատերին զորակոչվելուց հետ պահելու համար, նախարարն ասաց՝ պետք է շատ հետևողական լինեն, դա իսկապես մեծ հարված է բանակին, զինված ուժերին: «Օրենսդրական ձևակերպումներից մինչ գործնական փուլ մենք պետք է շատ հետևողական լինենք այդ խնդիրները լուծելու համար: Սակայն զորակոչային բժշկական հանձնաժողովը ՊՆ-ինը չէ: Այն բաղկացած է քաղաքացիական բժիշկներից: Այդ հանձնաժողովը պետք է հասկանա, որ ցանկացած չարադարացված որոշում հարված է նաև իրենց և իրենց ընտանիքին»,-ասաց Սարգսյանը:
Նախարարի խոսքով՝ աստիճանաբար զորակոչը պետք է դարձնեն ավելի անկախ որևէ հանգամանքից և ճնշումից: Առաջնագծում կան երիտասարդներ, ովքեր շատ բարեկեցիկ ընտանիքներից են: «Թեև երբեմն կան օբյեկտիվ պատճառներ՝ հենց հավաքակայանում ավելի լավ կրթություն ստացածը հավանական է, որ կզորակոչվի ուսումնական զորամաս, դրանից հետո կգնա մասնագիտական ծառայության և չի հայտնվի առաջնագծում: Դա կարող է լինել սոցիալական կարգավիճակից բխող առավելություն, որը արտահայտվել է կրթական ցենզի մեջ»,- եզրափակեց Սարգսյանը: