
Սանտա Կլաուսը Ռիո դե Ժանեյրոյի բնակիչներին շնորհավորել է ամռան առաջին օրվա առթիվ

Դերասան Պաոլու Մոուրաուն Սանտա Կլաուսի հանդերձանքով դեկտեմբերի 21-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում մասնակցել է ամռան առաջին օրվա առթիվ կազմակերպված տոնին: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Մոուրաույի խոսքով՝ շոգ եղանակի պատճառով ինքը հարկադրված էր կրել Սուրբծննդյան հանդերձանքի միայն մի մասը՝ Սանտայի մորուքն ու գլխարկը:
Միջոցառումը կայացել է Կոպակաբանայի լողափին, որտեղ ամեն տարի այս ժամանակ մարդկանց բազմություններ են հավաքվում ամռանը գալը տոնելու համար: Այն ժամանակ, երբ աշխարհի մնացած մասերում Սուրբ Ծնունդն ասոցիացվում է ցուրտ եղանակի հետ, Ռիո դե Ժանեյրոյի շրջանում բնակիչները դեկտեմբերին լողում են Ատլանտյան օվկիանոսում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: