Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանը «Ես եմ» ծրագրում ընգրկվելու 100 դիմումը կդիտի որպես ձեռքբերում

«Ես եմ» ծրագրում ընգրկվելու 100 դիմումը ձմեռային զորակոչի համար ՀՀ պաշտպանության նախարարը կդիտի որպես որոշակի ձեռքբերում: «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին է ասել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Նոր օրենքով իրականում առաջին անգամ մեր զինված ուժերի պատմության մեջ այլընտրանք է առաջարկվում նորակոչիկին: Ուրախ եմ, որ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերն ընդունվել են քվեների համոզիչ մեծամասնությամբ: Հանրապետության զինվորական կոմիսարիատներում արդեն իսկ երիտասարդները հայտնում են իրենց հետաքրքրվածությունը, մի քանի տասնյակ երիտասարդ արդեն դիմում է ներկայացրել ծրագրում ընդգրկվելու համար: Իհարկե ժամանակը քիչ է, և ձմեռային զորակոչի ժամանակ մենք ծրագիրը դիտում ենք որպես պիլոտային, սակայն բարեհաջող լինելու դեպքում վստահ եմ, որ մինչ ամառային զորակոչ շատ ավելի լայն իրազեկվածության մակարդակ կլինի»,-ասաց Սարգսյանը:

Պաշտպանության նախարարը, հաշվի առնելով ժամանակային սահմանափակումները, առաջին զորակոչի ժամանակ 100 նման պայմանագրի կնքումը կդիտի որպես որոշակի ձեռքբերում, իսկ մի քանի հարյուրը՝ որպես փայլուն արդյունք: Նման արդյունքը կվկայի նաև զինկոմիասարիատների արդյունավետ և հետևողական աշխատանքի մասին:

«Ուրախ եմ, որ մենք ձևավորեցինք որոշակի փոխըմբռնում այդ ծրագրերի արդյունավետության մասին: Եվ ՊՆ-ի պարտավորությունն է այժմ լիարժեք իրագործել այդ ծրագրերը՝ ապացուցելու դրանց կենսունակությունը և փարատելու այն հոռետեսների տեսակետը, թե ծրագրերը չեն լուծելու իրենց առջև դրված խնդիրները: Այս օրերին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով ամբողջանում են «Ես եմ» ծրագրի իրավական կարգավորումները: Վստահ եմ՝ հիմա, երբ կա արդեն նաև ՀՀ կառավարության որոշումը, որը հստակ ամրագրում է ծրագրով ծառայության ավարտին տրվող գումարը՝ 5 մլն դրամը, ինչպես նաև բոլոր պայմանները արդեն ստացել են օրենքի տեսք, շատ ավելի հեշտ է լինելու բացատրելու պայմանները հետաքրքրվողներին»,-նշեց նախարարը:

Նոր ծրագրերի արդյունավետ ներդրման պարագայում պետք է գա մի պահ, երբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը, հատկապես մարտական հերթապահության առաջնագիծն ամբողջությամբ պետք է համալրվեն հենց այդ ծրագրի շրջանակում:

Սարգսյանի խոսքով՝ «Պատիվ ունեմ» ծրագրի կարգավորումների ուղղությամբ ևս ներկայում աշխատում են, ստանում ենք տարբեր առաջարկություններ: Օրենքով սահմանված կարգով գործընթացը պետք է ավարտին հասցնեն մինչ ապրիլ: Սակայն նախարարը վստահ է, որ շատ ավելի շուտ՝ տոնական օրերից հետո կառավարության որոշումների նախագծերը պատրաստ կլինեն, և դրանք կներկայացնենք քննարկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս