ԵԱՏՄ-ում 2017 թվականին տնտեսական մի քանի առանցքային ուղղություններով աճ է գրանցվել
ԵԱՏՄ-ում 2017 թվականին տնտեսական մի քանի առանցքային ուղղություններով աճ է գրանցվել: Եվրասիական փորձագիտական ակումբի` «ԵԱՏՄ երեք տարիները. նվաճումներ եւ հեռանկարներ» խորագրով ամենամյա ժողովին ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը նշեց, որ փոխադարձ առևտուրը աճել է գրեթե 27 տոկոսով, արտաքին առևտուրը` գրեթե 25 տոկոսով: Արդյունաբերության ոլորտում աճը կարող է կազմել` 2.5 տոկոս աճ, գյուղատնտեսությունում` 3.2: Դեսպանը նկատեց, որ Հայաստանում հենց այս ուղղություններով ցուցանիշները համեմատաբար բարձր են:
«Գիտեք, այս ցուցանիշներն ավելին կլինեին, եթե մեր գործընկերները, ինչպես նաև Բելառուսը չլինեին պատժամիջոցների ներքո: Մեր գործընկերները, այդ թվում մենք զգացինք տնտեսական և ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը»,- ասաց դեսպանը:
Նրա խոսքով, մի քանի ուղղություններով կան արգելքներ, բայց աշխատանք է իրականացվում դրանց վերացման ուղղությամբ: Ներկայում իրականցվում է այս կամ այն շուկայի ազատականացում: Աշխատանք է տարվում ԵԱՏՄ-ում արտադրված ապրանքներին կարգավիճակ տալու ուղղությամբ, որ արտաքին շուկայում դիրքավորվեն որպես միասնական արտադրանք:
«2018 թվականին մենք ակնկալում ենք թռիչք, վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կանի ամեն հնարավորը դրա համար: Քննարկումներ են անցկացվում ԵԱՏՄ-ի գործընկեր պետությունների հետ` համագործակցությունն ընդլայնելու համար: Ավարտում ենք Իրանի հետ քննարկումները, Իսրայելի հետ քննարկումներում դրական տեղաշարժեր, նույնը Ինդոնեզիայի դեպքում: Մենք կանգ չենք առնում նույն տեղում, պետք է շարունակել ջանքերը` զարգացնելով տարբեր շուկաներ»,- ասաց դեսպանը:
Որպես նոր գործոն դեսպանը նշեց Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագիրը: Դա կարող է հավելյալ բաղադրիչ լինել, որը կբարձրացնի երկու շատ ուժեղ տարածաշրջանային միավորումների արդյունավետությունը:
Դեսպանը նաև նշեց, որ նոյեմբերին կայացավ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունվեց ավելի քան 20 փաստաթուղթ, այդ թվում հայտարարությունը ՀԱՊԿ-ի պաշտպանական ներուժն ամրապնդելու, ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանն աջակցելու մասին: