Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության զորքերի Հատուկ նշանակության ստորաբաժանում
Դեկտեմբերի 22-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային այցով ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումում էր, որտեղ ներկա է գտնվել զորավարժանքի հերթական գործողությանը:
Վարժանքի սցենարով` հատուկ նշանակության խումբը առաջադրանքը կատարելիս հայտնվում է շրջափակման մեջ: Օգնության հասած խումբը, զրահատեխնիկայի և դիպուկահարների կիրառմամբ, ապաշրջափակում է շինությունն ու դուրս բերում զինծառայողներին:
Վարժանքից հետո Վլադիմիր Գասպարյանը ստորաբաժանման հրամանատարության ու հատուկ խմբերի ղեկավարների հետ քննարկել է եղանակային բարդ պայմաններում իրականացված գործողությունները, արել կոնկրետ դիտողություններ ու տվել համապատասխան հանձնարարականներ:
Ոստիկանության պետի գլխավորությամբ` բարձրաստիճան սպաները ծաղիկներ են խոնարհել երկրի սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված հատուկ նշանակայինների հուշապատին:
Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը իր դիտարկումներն է ներկայացրել հատուկ նշանակության ստորաբաժանման գործողությունների վերաբերյալ և, ընդհանուր առմամբ, դրական գնահատել վարժանքի ադյունքները: