Բաժիններ՝

«7 հուշարձանների վերականգնման մասով մենք ունեցանք բացթողում». Արմեն Ամիրյան

«Այո, յոթ հուշարձանների վերականգնման մասով մենք ունեցանք բացթողում»,- այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսին անդրադառնալով պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտին՝ նշեց նախարար Արմեն Ամիրյանը՝ հավելելով, որ դա հիմնականում ընթացակարգի պատճառով և շինարարների մեղքով էր:

«Հայտարարված մրցույթի մասնակից կազմակերպություններից մեկի բողոքի պատճառով շինարարության մեկնարկի ժամկետը հետաձգվեց մինչև սեպտեմբեր ամիս: Բնականաբար՝ մեկ-երկու ամսում մենք չէինք կարող իրականացնել այնպիսի հսկայական ծավալ, ինչպիսին նախապես պլանավորված էր: Կային նաև թերացումներ շինարարների կողմից: Միասին կատարված այցելությունների ժամանակ մենք արձանագրեցինք այդ թերացումները: Կարծում եմ, որ նման թափանցիկ ու բաց վերահսկողությունն ամենակարևոր ձեռքբերումն էր, որ կարողացանք իրականացնել անցնող տարվա ընթացքում՝ արձանագրել այն բոլոր ցավոտ, հիվանդոտ կետերը, որ մենք ունենք, որպեսզի հաջորդիվ դրանք չկրկնվեն»:

Նախարարը հավաստում է՝ շինարարների հետ իրենք եկել են համաձայնության, որ տարեսկզբից մինչ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ավարտին կհասցվեն այս տարվա ծավալները, որովհետև հունիսի 1-ից մեկնարկելու են 2018 թվականի համար նախատեսված ծավալները, որոշ դեպքերում կլինեն հուշարձաններ, որոնց վերականգնման աշխատանքները շարունակական կլինեն, ինչպես, օրինակ, Գոշավանք կրոնական կառույցն է»:

168.am-ի հարցին ի պատասխան՝ կշարունակվե՞ն արդյոք նաև Օձունի եկեղեցու կիսավարտ աշխատանքները, նախարար Ամիրյանն ասաց. «Օձունն այս փուլում ավարտված է համարվում, այնտեղ շարունակելու աշխատանքներ գրեթե չկան, ինչպես նաև չկա համապատասխան ֆինանսավորում և նախագիծ: Դրանց առկայության դեպքում վերականգնման աշխատանքները կվերսկսվեն: Ես ճարտարապետներին խնդրել եմ, որպեսզի զբաղվեն այդ հարցով: Խնդիրն այն է, որ մենք ունենք ընդամենը 1 լուսանկար, որով առաջնորդվելը պարզապես պրոֆեսիոնալ չէ: Ճարտարապետներն այժմ քննում են հարցը, թե արդյո՞ք հնարավոր է ճարտարապետական նախագիծ ունենալ: Լինելու դեպքում անպայման անդրադառնալու ենք Օձունին, քանի որ Տեր Հոր բարձրացրած խնդիրը տրամաբանորեն ճիշտ է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս