«Մենք որևէ համագործակցությունից չենք հրաժարվում»

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխանական կոալիցիան ընդլայնելու հարց չի քննարկել, սակայն պատրաստ է անդրադառնալ այդ հարցին, եթե այլ քաղաքական ուժերը նման ցանկություն հայտնեն: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Քաղաքականության մեջ որևէ բան չի բացառվում: Մենք այս պահին ունենք կոալիցիոն գործընկեր, ում հետ շատ համահունչ կարողանում ենք մեր գործընկերությունը շարունակել: Մենք որևէ համագործակցությունից չենք հրաժարվում: Եթե ձեզ թվում է, որ մենք հիմա չենք համագործակցում երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ, սխալվում եք: Եթե լինի առաջարկ համագործակցության, մենք այդ հարցը կքննարկենք»,-  նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց, որ իրենք խորհրդարանական ընտրություններից առաջ էլ հայտարարել են, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք ցանկություն ունեն համագործակցելու, իրենց դռները բաց են. «Հիմա էլ հայտարարում ենք, որ եթե կան քաղաքական ուժեր, որոնք ցանկանում են համագործակցել, մենք պատրաստ ենք քննարկել, որոշել համագործակցության ձևաչափերը: Կոալիցիան ընդլայնելու հարց մենք չենք քննարկել: Կդիմե՞ն, մեզ այդ հարցով, պատրաստ կլինենք քննարկել»,- եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս