
«Թուրքիայի արտգործնախարարը ստում է». ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ Չավուշօղլուի հայտարարությանը

Հայ-թուրքական արձանագրությունները որոշակի նախապայմաններով ստորագրված լինելու մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը բացարձակ սուտ է: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, թե իբր հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով։
– Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է։ Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող ենք հայտարարել, թե արձանագրությունների բանակցման ընթացքում Թուրքիան խոստացել է, որ ճանաչելու է Արցախի անկախությունը: Կրկին հիշեցնենք, որ բանակցությունները 2008թ. մեկնարկեցին թուրքական կողմի հետ հենց այն փոխադարձ համաձայնությամբ, որ այդ գործընթացը չի կարող ունենալ որևիցե նախապայման։ Այս համաձայնության հիման վրա ընթացան բանակցությունները և ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրությունները։ Նախապայմանների բացակայության մասին բազմիցս են հայտարարել գործընթացին լավատեղյակ տարբեր մայրաքաղաքներից։