Ոստիկանությունը կանխամտածված է համարել Մելբուռնում հետիոտների վրա կատարված վրաերթը
Մելբուռնում հետիոտների վրա կատարված վրաերթը պատահականություն չէր: Այդ մասին րագրողներին հայտնել է տեղի ոստիկանությանի ներկայացուցիչը:
«Մենք կարծում ենք, որ դա միտումնավոր գործողություն էր»,- հայտնել է նա ավստրալական հեռուստատեսության Յոթերորդ ալիքի եթերում՝ միեւնույն ժամանակ չճշտելով, թե խոսքն արդյոք ահաբեկչական գործողության մասին է: Ականատեսները նույնպես պնդում են, որ ավտոմեքենան մեծ արագությամբ հետիոտներին կանխամտածված վրաերթի է ենթարկել Ֆլինդերս-սթրիթ փողոցում: Ավելի վաղ հաղորդվել էր 19 տուժածների մասին: Նրանց թվում է նախադպրոցական տարիքի մի երեխա, որը գլխի վնասվածքով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունը հայտարարել է այդ գործով երկու կասկածյալների՝ Suzuki ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորի ձերբակալման մասին: Միջադեպը տեղական ժամանակով ժամը 16:30-ին տեղի է ունեցել քաղաքի կենտրոնի Ֆլինդերս-սթրիթի բանուկ հատվածում: Փողոցն այդ պահին բավականին բազմամարդ էր. Մելբուռնի շատ բնակիչներ այդ շրջան են գալիս Սուրբծննդյան տոներից առաջ գնումներ կատարելու համար:
Տեղի ունեցածի վկաներից մեկը պատմել է, որ ավտոմեքենան «պարզապես տապալում էր բոլորին», հաղորդել է«Ինտերֆաքս» գործակալությունը: