Թեժ մթնոլորտ՝ ԱԺ-ում. «Կներեք, բայց ԱԺ-ի ղեկավարությունը «սադի գոքորները» չեն, որ դուք ոնց ուզեք՝ անեք»
Այսօր Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության ժամանակ կրկին իրարանցում տեղի ունեցավ նիստերի դահլիճում:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ դա սահմանադրական օրենք է և կարող է անցել պատգամավորների ձայների 3/5-րդ-ով: Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգի վերաբերյալ ելույթի հնարավորություն խնդրեց, սակայն ԱԺ նախագահ Արա Բաբոլյանը շարունակեց հայտարարել քվեարկությունը: Այդ ընթացքում Ն. Փաշինյանը տեղից բղավում էր՝ «վարման կարգի վերաբերյալ»:
Քվեարկությունն ավարտվեց, էլեկտրոնային ցուցատախտակին գրվեց՝ 58 կողմ ձայներով օրենքի նախագիծը չի անցել: Այդ ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ պետք է վերաքվեարկություն տեղի ունենա, քանի որ Ն. Փաշինյանը վարման կարգի վերաբերյալ պետք է ելույթ ունենա, որից հետո նորից քվեարկեն:
Ն. Փաշինյանն ասաց, որ ինքը չի ուզում ելույթ ունենալ, բայց Ա. Բաբլոյանը նշեց, որ պետք է վերաքվեարկություն լինի: Այդ ժամանակ Ն. Փաշինյանը նորից ելույթ ունենալու հնարավորություն խնդրեց և ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդվածով՝ նորից 20 րոպե տևողությամբ ընդմիջում պահանջեց արդեն 5-րդ անգամ:
Մինչև ընդմիջումը ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ մի քանի պատգամավորների կոճակները չեն աշխատել, պետք է վերաքվեարկություն լինի: Նորից իրարանցում սկսվեց ԱԺ դահլիճում, պատգամավորները սկսեցին իրենց տեղերից բղավել:
Իրարանցումից հետո Ա. Բաբլոյանը վերաքվեարկություն հայտարարեց, որի ընթացքում Փաշինյանը շարունակում էր բղավել՝ «վարման կարգի վերաբերյալ»:
Փաշինյանին կրկին ձայնի իրավունք չտրվեց: Քվերակությունն ավարտվեց, էլեկտրոնային ցուցատախտակին գրվեց՝ 63 կողմ, որոշումն ընդունված է:
«Ելքի» պատգամավորները դժգոհեցին, որ Ա. Բաբլոյանն իրենց ձայնի իրավունք չի տվել քվեարկությունից առաջ: «Աժիոտաժ սարքել պետք չէ, ինչքան դուք իրավունք ունեք վարման կարգով, այնքան էլ՝ կոալիցիան իրավունք ունի: Կներեք, բայց ԱԺ-ի ղեկավարությունը «սադի գոքորները» չեն, որ դուք ոնց ուզեք՝ անեք: Կան օրենքներ: Մանկապարտե՞զ է, խնդրում եմ պրովոկացիաներին չտրվել»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ն. Փաշինյանը ելույթի իրավունք խնդրեց՝ ասելով. «Ի՞նչ է կատարվում: ԱԺ փոխնախագահն ԱԺ նախագահի հասցեին ԱԺ ամբիոնից ասում է՝ «հո սադի գոքոր չի՞»: «Ելք» խմբակցությունը վերցնում է 20 րոպե ընդմիջում»: