«Դավիթ Հարությունյանը «Ելք» դաշինքից չէ, ու Դավիթ Հարությունյանի մասով մեր վրա մուննաթ մի եկեք». Արամ Սարգսյան

«Ամեն ինչում մեղադրում են «Ելքին», թե «Ելքը» չի հասկացել, չգիտի, ուզում է՝ ինչ-որ բան ցույց տա»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ «Ելքը» հանձնաժողովների նիստերին և խորհրդարանական լսումներին ամենաշատը մասնակցած խմբակցությունն է.

«Մենք միշտ դահլիճում ենք՝ ի տարբերություն շատերի, ովքեր այստեղ մեզ մեղադրում են, մենք միշտ ներկա ենք, ոչ մի բացակա չենք ունեցել: Մեզ չհասկանալու մեջ մեղադրելն ամբողջ խորհրդարանին մեղադրել է: Պարոն Հարությունյանի ասածը մեզ են վերագրում: Ժողովուրդ ջան, ես համարում եմ, որ Դավիթ Հարությունյանն այսօրվա կառավարության ամենագրագետ նախարարներից մեկն է, բայց Դավիթ Հարությունյանը «Ելք» դաշինքից չէ, ու Դավիթ Հարությունյանի մասով մեր վրա մուննաթ մի եկեք, ինքը ձեր ՀՀԿ-ից է, ու, եթե ձեր անդամն ինչ-որ բան սխալ է ասել, այդ հարցերն իրար մեջ պարզեք»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ցավում է, որ նման վրիպումներ են տեղի ունենում այս դահլիճում, և մարդիկ չեն գիտակցում, թե որ օրենքի նախագիծն է քննարկվում. «Նախագիծը սահմանադրական չէր»:

Նկատենք նաև, որ այդ նախագծի քվեարկությունից առաջ հենց ԱԺ նախագահն էր հայտարարել, որ այն սահմանադրական է: Նշենք նաև, որ քվեարկություններից առաջ «Ելք» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Տեսանյութեր

Լրահոս