««Ծառուկյան» դաշինքը երկրի Մայր օրենքը պոլի շոր սարքելը համարում է անընդունելի. մենք լքում ենք նիստերի դահլիճը». Նաիրա Զոհրաբյան
«Երեկ այս դահլիճում խորհրդարանական մեծամասնությունը ՀՀ Սահմանադրությունը սարքեց ջնջոց»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:
Նրա խոսքով՝ խախտելով բոլոր օրենքներն ու Սահմանադրությունը՝ իշխանություններն ընդունեցին անօրինական որոշումներ.
«Մենք երեկ ականատես եղանք, թե ինչպես խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարության մտքի տիտանները՝ կախված պահի նպատակահարմարությունից, որոշում էին՝ սահմանադրակա՞ն է օրենքը, թե՞ ոչ։ Եթե ձայները բավարարեր, կպարզվեր, որ սահմանադրական է, եթե չբավարարեր, կպարզեր, որ ոչ:
«Ծառուկյան» դաշինքն այս զոռբայությունն, անօրինական կերպով քվեարկություններ կազմակերպելն ու երկրի Մայր օրենքը պոլի շոր սարքելը համարում է անընդունելի, և ի նշան անհամաձայնության՝ մենք լքում ենք նիստերի դահլիճը»,- հայտարարեց Զոհրաբյանը: