«Հարցը քննարկվել է որպես սահմանադրական օրենք ու ընդունվել է 63 ձայնով». Էդուարդ Շարմազանովը՝ երեկվա միջադեպի մասին

«Ինձ համար տարօրինակ է, որ «Ելք» խմբակցության պատգամավորներն անընդհատ գալիս են, նույն հարցի վերաբերյալ կարծիք են հայտարարում: Երեկ խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, մենք հասկացանք»,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով երեկ այդքան քվեարկված հարցի  սահմանադրական օրենք լինել-չլինելուն՝ Է. Շարմազանովն ասաց.

«Պետաիրավական հանձնաժողովը տվել է որպես սահմանադրական օրենք, մենք ընդունել ենք որպես ի գիտություն` համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը, հարցը քննարկվել է որպես սահմանադրական օրենք ու ընդունվել է 63 ձայնով»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց , որ ցավում է, որ նման վրիպումներ են տեղի ունենում այս դահլիճում, և մարդիկ չեն գիտակցում, թե որ օրենքի նախագիծն է քննարկվում. «Նախագիծը սահմանադրական չէր»:

Նկատենք նաև, որ այդ նախագծի քվեարկությունից առաջ հենց ԱԺ նախագահն էր հայտարարել, որ այն սահմանադրական է:

Տեսանյութեր

Լրահոս