«После обеда горчицы не надо». ԱԺ-ում շարունակվում է առավոտվա միջադեպի թեման
Ազգային ժողովի արտահերթ նիստում դեռևս շարունակում է քննարկվել այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպի թեման:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ՝ մանրամասն ներկայացնելով՝ ինչպես է տեղի ունեցել միջադեպը:
Նա նկատեց, որ այս պահին քննարկվում է Դատական օրենսգիրքը, բայց, նրա խոսքով՝ առավոտյան դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագածի քվեարկության ժամանակ տեղի ունեցավ ակնհայտ կեղծիք:
Ն. Փաշինյանը պատմեց, որ քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քանի որ Դատական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, նրանում փոփոխությունները պետք է ընդունվեն պատգամավորների ձայների 3/5-րդ-ով, այսինքն՝ 63 կողմ ձայնով: Քվեարկությունից հետո լուսատախտակը ցույց տվեց 61 կողմ, և արձանագրվեց, որ որոշումը չի ընդունվել:
«ԱԺ նիստը նախագահողի և իմ առաջարկով՝ լուսատախտակի պատկերը վերականգնվեց, որից հետո պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, որ իր քվեարկության կոճակը չի աշխատել, և նիստը նախագահողը գումարելով Մախմուդյանի և գործուղման մեջ գտնվող Արփինե Հովհաննիսյանի ձայնը, հայտարարեց՝ 63 կողմ, և ասաց, որ որոշումն ընդունվել է:
«Ծառուկյան» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանն ԱԺ դահլիճում հայտարարել է, թե ինքը չի մասնակցել քվեարկությանը և այդ մասին նաև հայտնել է քարտուղարությանը, ինչի մասին պաշտոնապես այս ամբիոնից հայտարարեց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Սրանից հետո Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մեջբերեց կանոնակարգի 60-րդ մասը՝ հիմնավորելու համար, թե Ազիզյանի հայտարարությունը վավերական չէ, բայց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 60-րդ հոդվածը մինչև 7-րդ մաս ունենալը՝ ունի 6-րդ մաս, որում գրված է՝ քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթե այս մասին նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում առաջարկում է որևէ պատգամավոր:
Եթե պատգամավորը հայտնաբերում է խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը նախագահողի առաջարկով՝ առանց քննարկման հարցի քվեարկությունը կրկնվում է: Էական է, որ Մախմուդյանը չի կարողացել քվեարկել, դա խախտում է, որը կարող էր ազդել քվեարկության վրա, դրա համար պետք է վերաքվեարկություն լիներ, ու բոլորին ամեն ինչ պարզ կդառնար»,- նշեց Ն. Փաշինյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ որևէ խախտում չի հայտնաբերվել. «Ես՝ որպես նիստ նախագահող, կրկնում եմ՝ «Ծառուկյան» դաշինքի որևէ պատգամավոր նիստի ժամանակ քվեարկությունից առաջ և հետո վարման կարգի վերաբերյալ որևէ առաջարկություն չի արել, դրա համար դա համարվում է օրինական»:
Փաշինյանը տեղից հայտարարեց, որ Ռ. Մախմուդյանն է հայտարարել այդ մասին: Է. Շարմազանովը հորդորեց շարունակել աշխատանքները՝ ասելով. «После обеда горчицы не надо»: